21/12/2017 14:38
Մենք միանշանակ համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում. վարչապետը հավանեց գյուղնախարարի ներկայացրած ծրագիրը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց 2016 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատված ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։
«Սահմանվել է ոլորտում սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները, սկզբունքներն ու ուղղությունները, որոնք կապահովեն պետական քաղաքականության ներկայիս նոր մոտեցումների կիրառումը և գործունեությունների թափանցիկությունը», - ասաց Իգնատի Առաքելյանը։
Նա նշեց, որ ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
«Պարոն վարչապետ, մենք այս տարի պիլոտն անցկացրեցինք և 2 միլիարդից 1 միլիարդ 140 միլիոնը հավանության է արժանացել 16 ընկերության կողմից, բայց մեծ պահանջարկ կար, որ գումարները բարձարացնեն և այդ պիլոտի արդյունքում մի քիչ շտկվել է ու արդեն ներկայացվել է հաջորդ տարվա համար 18 միլրադ դրամի ծրագիր՝ 3 տոկոսանոց մթերման վարկեր, որպեսզի թեթևացնենք բեռը՝ գյուղացիներին վաճառած հումքի դիմաց ապրանք ստանալու», - ասաց գյուղնախարարը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց՝ կարծում է, որ շատ համալիր ծրագիր է, որը որակապես փոխելու է գյուղատնտեսությունը։
«Մենք միանշանակ համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, պարոն Առաքելյան, ձեզնից նման համալիր ծրագիր սպասում ենք անասնապահության ոլորտում», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։