21/12/2017 12:09
Սպորտի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը չեն ընդունում մարզական լրագրողների 10 լավագույն մարզիկների ցանկը (Տեսանյութ)
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները:
Միաժամանակ, տեղեկացնում են, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաև՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունեն ընտրելու տարվա լավագույն մարզիկների իրենց թեկնածուներին, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված վերոհիշյալ մրցույթի հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին:
2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: