22/12/2017 13:11
Արա Զոհրաբյանն Ազգային ժողովից երաշխիքներ է պահանջում, հակառակ դեպքում փաստաբաններին կընկճեն
Հայաստանի դատական նոր օրենսգրքի նախագիծը, որը նաև սահամանդրական օրենք է համարվում, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել են՝ առանց Փաստաբանների պալատի դիրքորոշումն ու ներկայացրած առաջարկներն հաշվի առնելու:
«Ես այստեղ տեսնում եմ նոր ձեռագիր՝ արհամարհելու: Ես ձեզ ասեմ՝ եթե հարցը իրավական դաշտում չի լուծվում, մարդիկ ընտրում են այլընտրանքային ճանապարհներ: Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ: Ես չեմ ասում, որ կառավարությունը պարտավոր է մեր բոլոր փաստարկներն ընդունել: Ոչ: Բայց այն փաստարկը, որը չպետք է ընդունի, կարծում եմ՝ պետք է ինտելեկտուալ հարթակում քննարկել ու հասկանալ միմյանց: Պատկերացրեք այսպես՝ վերցնում են առաջարկը նայում ու շպրտում մի կողմ: Այդպես չպետք է լինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով օերնսդրական նախաձեռնությունները, հայտարարեց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործադիրի, օրենսդիրի նման վերաբերմունքը արհամարհանք է փաստաբանական համայնքի, դատական համակարգի նկատմամբ:
Նրա խոսքով՝ ներկայացված նախագծերից, օրինակ, Քաղաքացիական դատավարության օրեսնգրքի շուրջ մտահոգություններ ունի նաև դատական համակարգը:
Փաստաբանական համայնքին անհնագստացնողը, հիշեցնենք, Դատական նոր օրենսգրքով անմիջապես դատավորի կողմից փաստաբանին պատժելն է՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին:
Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին: Փաստաբանները դժգոհում են՝ պնդելով, որ դատարանները անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ, քանի որ դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել և բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս:
Նկատենք, որ այս շաբաթ այս օրինագիծը խորհրդարանում առանց լուրջ քննարկման, առանց հարցուպատասխանի ընդունվեց առաջին ընթերցմամբ և երկրորդ ընթերցումը սպասվում է հունվարյան նստաշրջանի ժամանակ:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ փաստաբանական համայնքի համար օրինակ, կարող էր երաշխիքային լինել հետևյալ առաջարկությունը՝ եթե դատավորը անհիմն սանկցիա կիրառեց փաստաբանի կամ դատախազի նկատմամբ դատական տուգանքի տեսքով, ապա դա հիմք կլինի դատավորին կարգապահական վարույթ հարուցելու համար:
«Սա մեզ համար կլինի լծակ, որ դատավորը 5 անգամ չափի, մեկ անգամ կտրի: Եթե այս օրինագիծը պետք է դառնա իրականություն, ապա մեզ առնվազն պետք է տրվեն երաշխիքներ, եթե չկան երաշխիքներ, ապա նման կարգավորումը պետք է դուրս գա: Հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք, փաստաբաններին կընկճեն: Իհարկե, կլինեն փաստաբաններ, որոնք չեն ընկճվի, բայց նրանք կդառնան սնանկ փաստաբաններ, իրենց անունով գույք չեն ունենա ու կլինեն սնանկ: Մենք նորմալ իրավաբանների, ինտելեկտուալ մարդկանց միություն ենք ու ուզում ենք գնալ շախմատ խաղալ և ոչ թե ինչ-որ դատարկ բաներով զբաղվել», - նշեց Զոհրաբյանը:
Փաստաբանական համայնքի ղեկավարը չբացառեց, որ օրինագծի վերջնական ընդունման դեպքում փաստաբանները դիմեն «խաղաղ հավաքների» իրականացմանը: