22/12/2017 12:45
Սկզբունքների եռյակը, որոնց դեմ երկար տարիներ ապարդյուն պայքարում է Ադրբեջանը, կարևոր էր ֆիքսել ԵՄ մակարդակում. Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրում կարևորում է արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ձևակերպումները։
«ԵՄ-ի կողմից ամրագրվել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի՝ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներումб խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս սկզբունքների եռյակը, որոնց դեմ երկար տարիներ ապարդյուն պայքարում է Ադրբեջանը, կարևոր էր ֆիքսել ԵՄ մակարդակում։
«2017-ի սկզբին շփման գծում լարված էր, բայց ժնևյան հանդիպումից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվում, բայց այդ լարվածության անկումը հետևանք չէ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումների, որոնք արտահայտվել են Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում, որևէ ինստիտուցիոնալ հիմքի հետևանք չէ, բացառապես կարող ենք կապել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ», - ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ եթե նման տեսակի լարվածության թուլացում կարող է լինել հետևանք անձնական որոշման, ապա, ցավոք սրտի, կարող է լինել նաև սրացում անձնական որոշման պատճառով, որի ականատեսը շատ ենք եղել։
«Հետևաբար, կարևոում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար և միջադեպերի հետաքննության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը: Բարի կամքը կարևոր է, բայց այդ բարի կամը պետք է դրսևորվի նաև նախապես ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ», - ընդգծեց Ա. Աշոտյանը։