22/12/2017 13:24
ԼՂ կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը. Աշոտյան
Շատ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, երբ ունես անշնորհակալ հակառակորդ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Գուցե, ավելի հեշտ է այս պարագայում կանխատեսումներ անել, թե 2018թ-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը հաջորդ տարի», - նշեց նա։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունների կատարարում կամ խաղաղություն։
«Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանց հակասող ուղերձներ է հղում», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի լավագույն ակնկալիքները, որը կարող են ունենալ Արցախում ու Հայաստանում, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը, նաև, որ բարձր մակարդակով հանդիպումները կարող են լինել էֆեկտիվ:
«Ինձ համար գոյություն ունեն նախանշաններ, ցանկացած հիվանդություն ու պրոցես նախանշաններից է սկսվում: Արցախյան հակամարտության կարգավորման դրական նախանշան ես կսկսեմ համարել այն, որ Իլհամ Ալիևն իր երկրի ներսում, իր ներքին լսարանի համար ասի այն, տարածի այն, ինչ ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների շրջանակում, չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին ու ներքին օրակարգերի բառապաշարի ու ուղերձների միջև: Ես դա կհամարեմ լավ նշան, որովհետև դա կնշանակի, որ Ադրբեջանի ղեկավարությունը կամաց-կամաց նախապատրաստում է իր հասարակությանը խաղաղության», - նշեց Արմեն Աշոտյանը:
Խոսելով բանակցություններում Արցախը ներգրավվելու մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ մեր խնդիրն այն չէ՝ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող, թիմին միանա նոր խաղացող, գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի:
«Եթե թիմային հաղթանակի համար որպես տակտիկական միջոց պետք լինի նմանատիպ գործողություններ, պետք լինի պնդել այդ օրակարգը, վստահ եղեք, որ դա տեղի կունենա: Եթե այդ օրակարգը չի լինելու այն միակ միջոցը, որով մենք կարող ենք հասնել թիմային հաղթանակի, ապա այդ ռազմավարական սխեման դեռ պետք է պահել: Ամեն դեպքում, բազմիցս խոսվել է, որ չի կարող լինել կարգավորման որևէ վերջնական բանաձև, որի կապակցությամբ Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի չառնվի, չի կարող լինել որոշում, որը կհակասի Արցախի ժողովրդի ցանկությանը, որը հակասի ժողովրդի կողմից ընդունված ժողովրդավարական իշխանությունների դիրքորոշմանը», - շեշտեց Աշոտյանը՝ նշելով, որ Արցախի ներգրավումը բանակցություններին տակտիկայի խնդիր է և ճիշտ կլինի դիվանագիտական ջանքերն ուղղորդել խաղաղ կարգավորման ուղղությամբ: