22/12/2017 17:46
Պատմության թանգարանը աննախադեպ ցուցադրությամբ կներկայանա. Արմեն Ամիրյանը ներկայացրեց 2018 թվականի մշակութային ծրագիրը
2018 թվականի առաջնահերթ խնդիրների մեջ է լինելու նաև նոր կինոթատրոնների ստեղծումը: Մեկնարկը տրվեց Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի ստեղծմամբ: «Պարադիզ» ընկերությունը շուրջ 100 հազար դոլար ներդրեց:
«Խորապես գիտակցում ենք, որ տեղական կինոարտադրության զարգացումն ու որակի բարելավումը կախված են սպառման ցանցի ընդլայնումից: Այսօր Հայաստանում 4-5 կինոթատրոնով կարողանում ենք հայաստանյան ֆիլմի համար ապահովել առավելագույնը 80 միլիոն դրամի եկամուտ, որի կեսը հարկեր են, մնացյալը՝ ծախսեր: Եթե շահ չկա, ֆիլմը չի կարող զարգանալ: Այնպես որ, պետք է մեծացնել սպառման ցանցը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մշակույթի նախարարը:
Անդրադառնալով գրահրատարակչական ոլորտին՝ նախարարն ընդգծեց՝ Ժամանակակից գրախանութների ստեղծումը նույնպես առաջնահերթություն է.
«Գարնան նախաշեմին ականատեսը կլինենք մի նոր մեծ ու ժամանակակից գրախանութի բացմանը, որն այս պահին կառուցվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջնամասում, երկու հարկի վրա: Դա գրողների և ընթերցողների սիրելի վայրն է դառնալու»:
Ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց՝ եթե նախորդ տարի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգվեց Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով, որն, ի դեպ, այս տարվա մայիսին շարունակվելու է, ապա 2018 թվականի ապրիլին ներկայացվելու է միացյալ երգչախմբային համերգ:
Մայիսյան հերոսամարտի և Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոների կապակցությամբ պատմության թանգարանը աննախադեպ ցուցադրությամբ կներկայանա: Ինչպես նախարարը նկատեց՝ նմանօրինակը երբևէ Հայաստանում չի եղել. սա խիստ ժամանակակից ու միաժամանակ՝ խիստ պատմական ցուցադրություն է լինելու
Սեպտեմբերի 21-ին էլ Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում առաջին անգամ մեծամասշտաբ տարբերակով մեր երկիրը ներկայացնելու է Հայաստանի քաղաքակրթությունը:
Աշնան երեք ամիսներին նախատեսվում է ժամանակակից արվեստի միջազգային փառատոն, որին հայաստանյան արտիստներից բացի մասնակցելու են Եվրոպայից 250 արտիստներ: Ինչպես Ա. Ամիրյանն ընդգծեց՝ այդ օրերին Երևանը դառնալու է ժամանակակից արվեստների բացօթյա թանգարան:
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշնանը կբեմադրվի Չուխաջյանի «Կարինե» ներկայացումը՝ ֆրանսերենով: