23/12/2017 12:26
Արտադրողները վստահեցնում են, թե ձվի գինը 50 դրամից բարձր չի լինի, սակայն այն վաճառվում է 75 դրամով
Թռչնաֆաբրիկաներից վստահեցնում են՝ ձվի գնի բարձրացում չի լինելու, մինչդեռ այս պահին խանութներում ձուն վաճառվում է մինչև 73-75 դրամով։
«Ունենք բավարար քանակի ձու, որպեսզի տոն օրերին պակաս չզգացվի։ Ինչ վերաբերում է գնին, ապա այս պահին սուպերմարկետներում 45 դրամով վաճառք ունենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արզնի» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Փանոսյանը։
«Ոչ գինն է բարձրացվելու, ոչ էլ ձվի պակաս կլինի», - հավաստիացրեց Վ. Փանոսյանը։
Ընդամենը մեկ ամիս առաջ, նկատենք, դարձյալ խոստում էր եղել, որ գնի բարձրացում չի լինելու.
«Գնի բարձրացում չի լինելու, հայտարարում եմ բոլոր թռչնաբուծական ընկերությունների անունից», - ասուլիսի ընթացքում հայտարարել էր թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Որոշ խոշոր ընկերությունների հետ նույնիսկ պայմանավորվածություն ունենք, և հնարավոր է, որ դեկտեմբերի 7-ից սկսած շեմը կլինի ոչ բարձր, քան 50 դրամ», - սա էլ «Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գեղամ Ջանվելյանի հավաստիացումն է։
Այսօր, սակայն, խանութներում ձվի գինը հասնում է մինչև 75 դրամի։ Սրա համար արտադրողները մեղադրում են վաճառողներին, ասելով, թե նրանք են արհեստականորեն թանկացնում ձուն։
«01 համարի ձուն ստանում ենք 61, վաճառում՝ 65 դրամով։ 03 համարի ձուն 66 դրամով ստանում, 70 դրամով վաճառում ենք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին փոքր և միջին խանութի աշխատակիցները։