25/12/2017 14:12
Եթե գիտեք դեպք, որ մարգարինը վաճառվել է որպես կարագ, խնդրում եմ` ասեք, մենք նման դեպքի մասին չգիտենք. ՍԱՊԾ պետ
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հերքում է այն տեղեկությունները, որ իր ղեկավարած կառույցում աշխատող որևէ պաշտոնյայի ընկերություն ներկրել է մարգարին ու կարագի անվան տակ վաճառել բանակին:
«ՍԱՊԾ որևէ պաշտոնյա առնչություն չունի այդ դեպքին: Քանի որ դեպքը հին է ու վերաբերում է մինչ իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, ես այդ դեպքի մանրամասներին չեմ տիրապետում: Բայց մեծ հաճույքով ձեզ հետ միասին կհետևենք զարգացումներին: Իրավապահները երբ կտան համապատասխան պարզաբանումներ, մենք էլ մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեղավորները ենթարկվեն խիստ պատասխանատվության», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլը գրել էր, որ ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի ընկերությունները, որոնք շահել են ՊՆ-ի տենդերը, կարագի անվան տակ մարգարին են մատակարարել բանակին: Ավելին, ՍԱՊԾ-ի փորձաքննական լաբորատորիան դրական եզրակացություն է տվել և այդ դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Այդ գործի վերաբերյալ Aysor.am-ը հարցում է արել ԱԱԾ, սակայն պատասխան դեռ չենք ստացել:
Ճշտող հարցին, թե մարգարինը վաճառվե՞լ է որպես կարագ, Կարապետյանը պատասխանեց, որ ինքը հարուցված քրեական գործի մանրամասներին չի տիրապետում ու նաև հավելեց. «Եթե գիտեք դեպք, որ մարգարինը վաճառվել է որպես կարագ, խնդրում եմ ասեք, մենք նման դեպքի մասին չգիտենք»: