25/12/2017 11:07
Սամվել Բաբայանը բողոքարկել է իր վերաբերյալ վճիռը՝ պահանջելով արդարացնել իրեն
Լեռնային Ղարաբաղի պաշտւպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
«Քիչ առաջ ներկայացրել եմ վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանում հենց նոր կնքեցին դիմումը: Մենք անպայման պետք է բողոքարկեինք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրլ էր, որ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել ու դատապարտել էր Բաբայանին 6 տարվա ազատազրկման: Նկատենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Սակայն Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը իր պաշտպանական ճառում չէր ընդունել մեղադրանքը, համարել այն անհիմն ու պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին:
Այժմ նույնպես Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած իր բողոքում Քալաշյանը պահանջել է երկու մեղադրանքում էլ արդարացնել Սամվել Բաբայանին:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս բողոքարկել է իր վերաբերալ վճիռը: