25/12/2017 17:22
Արմեն Էլբակյանի բեմադրությամբ «Հարսնացուն հյուսիսից»-ը կլինի Սունդուկյանի բեմում. հայտնի են դերակատարները
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը 2018 թվականին պատրաստվում է Սունդուկյան թատրոնի բեմ բարձրացնել դրամատուրգ Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունը: Պիեսը նվիրվելու է դրամատուրգի 90-ամյակին, նաև՝ Վարդան Աճեմյանի հիշատակին: Օգտագործվելու է Առնո Բաբաջանյանի՝ հատուկ այս գործի համար գրված երաժշտությունը:
«Այս ներկայացումն ի հիշատակ մեր երեք դասականների է, ու այս ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ: Առաջին անգամ պիեսը բեմադրել է Վարդան Աճեմյանը, մեծ հաջողություն է ունեցել: Ի դեպ, ներկայացումն ավելի հին պատմություն ունի, քան ֆիլմը: Մի փոքր հետաձգեցինք, քանի որ գլխավոր դերակատարներից Արմեն Մարությանը վատառողջ էր», - Aysor.am-ին տեղեկացրեց Արմեն Էլբակյանը:
Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի թե՛ երիտասարդ դերասանները, թե՛ փորձառուները: Բացառությամբ գլխավոր կերպարների՝ ներկայացումը երկու կազմով է բեմ բարձրանալու. Մուրադի և Արուսյակի դերում հանդես կգան ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն ու Աննա Էլբակյանը, Երվանդի դերում Ալեքսան Թադևոսյանն է: Արտակին տարբեր օրերի կմարմնավորեն Մեսրոպ Աբտոյանն ու Գուրգեն Դավթյանը, հարսնացու Վալյան Տաթևիկ Հոռփոյանն է: Անդրանիկ Խաչատրյանն ու Դավիթ Հակոբյանը կոստյումի «սիրահար» Սերոբի դերակատարներն են: Ազատին մարմնավորելու է Ռուդոլֆ Ղևոնդյանը:
Մուրադ և Արուս
Արտակ և Վալյա
Սերոբ
Երվանդ
Ազատ
Հարցին, թե որքանո՞վ հանդիսատեսը նմանություն կգտնի համանուն ֆիլմի և բեմադրության միջև, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ներկայացման սցենարը գրվել է պիեսի հիման վրա, թեև տարբերությունը շատ մեծ չէ: Ուղղակի մեկը բեմի համար է, մյուսն՝ էկրանի: Կարծում եմ՝ հանդիսատեսի համար սա շատ հաճելի անակնկալ կլինի»:
Բեմադրման աշխատանքները ընթացք կստանան ամանորյա տոներից հետո, պրեմիերան տեղի կունենա, հավանաբար, մարտ ամսին: