26/12/2017 17:04
«Էս երեխեքի ժպիտն ամեն ինչ արժի». «Մուրացան» ԲԿ-ում բուժվող երեխաների համար այսօր տոն էր
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տրամադրությունն այսօր տոնական էր. «Բում-բումիկ» ընկերությունն ու հայտնի դերասանները որոշել էին Ամանորի նախաշեմին անակնկալ մատուցել հիվանդանոցում բուժում ստացող բոլոր երեխաներին։
«Մաշա» ու «Մեդվեդ», Ձմեռ պապ ու Ձյունանուշ, դերասան Մկրտիչ Արզումանյան, երգիչ Արամ MP3. Էլ ի՞նչ է պետք երեխաներին ուրախ տրամադրության համար։
«Մամա, ես նվեր չեմ ուզում, ուզում եմ «Մաշայի» հետ նկարվեմ», - ասում է 5-ամյա Անահիտն, ով Քիմիաթերապիայի բաժանմունքի ամենապայծառ փոքրիկն է։
Երեխաների ուրախությամբ ուրախանում է նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժշկական անձնակազմը։
«Մեզ համար էս երեխեքի ժպիտը ամեն ինչ արժի», - ասում են երեխաների կողքից երբեք չբացակայող բուժքույրերը։
Քիմիաթերապիայի բաժանմունքում ներկայում 7 հիվանդ է բուժում ստանում։
«Տարվա ընթացքում 25-30 հիվանդ է բուժվում բաժանմունքում, ի ուրախություն՝ մանկական քաղցկեղը մասսայական հանդիպող բնույթ չի կրում և տարեկան Հայաստանում մոտ մինչև 60-65 հիվանդ է ախտորոշվում, որից կեսը արյունային խնդիրներ են, մնացածը՝ ուռուցքային», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավագյանը։
Նրա խոսքով՝ բաժանմունքում այս պահին բուժում են ստանում և արյունային խնդիր ունեցող փոքրիկները, և ուռուցքային խնդիր ունեցող երեխաները։
«Այս պահին 7 հոգի է բուժումը ստանում, որոնց մի մասն Ամանորը կանցկացնեն բաժանմունքում, քանի որ իրենց բուժումները երկարատև է, ամիսներ, նույնիսկ, մինչև տարիներ է տևում», - ասում է նա։
Բժիշկը վստահեցնում է՝ բոլոր հիվանդություններին էլ բուժում կա։
«Իրականում, մանկական ուռուցքաբանության մեջ ներկայումս առողջացման մեծ տոկոսներ են գրանցվում, ինչպես մեր երկրում, արտասահմանում նույնպես, հիվանդություններ կան, որ նույնիսկ 90-95 տոկոս է առողջացում գնում, այսինքն՝ 10-ից 9 երեխա առողջանում է, միջինում դա 70-80 տոկոսի սահմաններում է տատանվում», - նշում է նա։
Արմեն Ավագյանի խոսքով՝ համալսարանական հիվանդանոցում ամենափոքր «պացիենտը» եղել է երկու ամսականից մինչև 18 տարեկան։
«Արդեն հասունացման տարիքում գտնվող երեխանեը, իհարկե, շատ դեպրեսիվ են մուտք գործում բաժանմունք և բուժումը սկսվում է շատ ծանր, բայց մեզ մոտ գործում է մշտական հոգեբանական ծառայութունը, որոնք աշխատում են երեխաների հետ. գանգատներն արդեն սկսում են վերանալ, իսկ իրենք էլ սկսում են գիտակցել, որ կբուժվեն, ավելի տրամադրությունները բարձրանում է», - նշում է Ա. Ավագյանը։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավարը վստահեցնում է՝ բաժանմունքում բոլորը դարձել են մի ընտանիք։
«Տարիներով ապրելով իրար հետ՝ մի մեծ ընտանիք է ձևավորվել», - նշում է նա։
Հիվանդանոցում բուժվող երեխաների ամենամտերիմ ու սպասված ընկերը դերասան Մկրտիչ Արզումանյանն է։
««Մուրացանում» բավականին հաճախ եմ լինում, գալիս եմ երեխաների մոտ, բոլորի հետ շատ ընկերացել եմ, զանգում ենք իրար, կապը միշտ պահում ենք, կարծում եմ, որ եթե որևէ մեկը մի փոքր կարողանա դրական լիցքեր հաղորդել երեխաներին, դա պետք է օգտագործի, որովհետև ցանկացած ուշադրություն, ցանկացած քայլ շատ դրական լիցքեր է հաղորդում բալիկներին, ովքեր ունեն դրա կարիքը», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է դերասանը։
Մկրտիչ Արզումանյանն ասում է, որ շատ լավ հարաբերությունների մեջ է թե բուժանձնակազմի, թե երեխաների, թե նրանց ծնողների հետ։
«Ամեն այցից հետո, իսկապես, ուժասպառ ես լինում, քեզ լարում ես ու փորձում ես մաքսիմալ ուրախություն պարգևել երեխաներին, ամեն ինչ պետք է անել, որ, եթե նույնիսկ ուժերից վեր է, ես պետք է անեմ ամեն բան, որ դրականը փոխանցեմ երեխաներին, անում եմ այն, ինչ պետք է անեմ, սրտիս ցանկությունն ու պահանջ է, ես զգում եմ, որ կարոտում եմ երեխաներին, ինչքան էլ ծանրաբեռնված եմ լինում, միևնույն է, ժամանակ եմ գտնում, որպեսզի շփվեմ երեխեքի հետ, որովեհտև նրանք ինձ են սպասում, ես էլ՝ իրենց», - ասում է Մկրտիչ Արզումանյանը։
Դերասաննն ուզում է, որ բոլոր երեխաները առողջ լինեն, իսկ առողջական խնդիր ունեցողները՝ շուտ առողջանան։
«Ուզում եմ ապրեն խաղաղ երկնքի տակ, բոլորին մաղթում եմ պայծառ ու լուսավոր ապագա», - հավելում է Մ. Արզումանյանը։
Երեխաների ամենալավ բարեկամն է նաև երգիչ Արամ MP3-ը։
«Ոչ ոքից ոչինչ չի գնում լինել այստեղ, այցելել երեխաներին, քանի որ նրանք, իրոք, դրա կարիքն ունեն, ժպիտներ իրենց շատ են պետք», - ասում է նա։
Արամ MP3-ն ընդգծում է՝ այն, ինչ իրենք անում են, նվազագույնն է, որ կարող են անել երեխաների համար։