26/12/2017 13:03
Չի բացառվում, որ առաջիկայում ի պաշտպանություն Բիլյանի, հացադուլ հայտարարեն նաև «Սասնա ծռերի» մյուս անդամները
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը արդեն 8-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը՝ պահանջելով իրեն մարդկային պայմաններում բուժօգնություն տրամադրել: Ի աջակցություն Բիլյանի՝ հացադուլ է հայտարարել նաև նույն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:
Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ չի բացառվում, որ առաջիկայում ի պաշտպանություն Արմեն Բիլյանի հերթով հացադուլի դիմեն «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամները ևս:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ԱՆ Քրեակատարողական վարչության պետին դիմում է ներկայացրել Բիլյանի բժշկական ստոիգումների ապահովման ու այլ ՔԿՀ տեղափոխման հետ կապված, սակայն որևէ գործնական քայլ չի արվել: Այժմ Բիլյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է և ցանկություն ունի տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ինչ-որ հանձնաժողով է եկել, ընդամենը երկու հարց են տվել, բայց առանց որևէ բուժում նշանակելու հեռացել են: Այսինքն՝ ձևական, ընթացակարգային այց են կատարել ու հեռացել: Երեկ փորձել եմ հեռախոսի միջոցով տեղեկանալ, թե ինչ ընթացքում է մեր դիմումը, զանգել եմ քրեակատարողական վարչություն, այնտեղի ընդհանուր բաժնից տեղեկացրին, որ մեր դիմումը քննարկման փուլում է և որպեսզի ավելի ընդգրկուն պատասխան ստանամ, ուղղորդեցին հատուկ բաժին, բայց հեռախոսահամար չտրամադրեցին՝ պատճառաբանելով, որ իրենք չգիտեն համարը», - ներկայացրեց Արմինե Ֆանյանը:
Պատկան մարմինների կողմից որևէ էական քայլ, ըստ փաստաբանի, չի ձեռնարկվում, բայց այդ ընթացքում Բիլյանը առողջական վատ վիճակում շարունակում է մնալ ցուրտ խցում:
«Պատկերացնում եք՝ օրգանիզմը ամբողջությամբ հյուծված է ու այդ ցուրտ պայմաններում կյանքի հետ լրիվ անհամատեղելի իրավիճակ է ստեղծվել», - ասաց Ֆանյանը:
Փաստաբանն ասաց, որ Բիլյանի բուժզննումը քաղաքացիական հիվանդանոցում կազմակերպելու մասին դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին, սակայն մերժում է ստացել:
«Մենք պատրաստ էինք նույնիսկ վճարել քաղաքացիական հիվանդանոցում բուժզննման կազմակերպման համար: Բայց նույնիսկ այդ պայմաններում անհասկանալիորեն մերժվեց մեր դիմումը: Մենք պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ իմ պաշտպանյալի կյանքը լրջորեն վտանգված է», - հավելեց Արմինե Ֆանյանը: