27/12/2017 12:12
Սյունիքի մարզի Կավարտ գյուղում մարդիկ ժանգաջուր են խմում. «Վեոլիա ջուրը» տեղում չէ (Տեսանյութ)
Սյունիքի մարզի Կավարտ գյուղում բնակիչներն ահազանգում են, որ խմելու ջրի ծորակից արդեն մի քանի օր է՝ ժանգաջուր է գալիս, ինչը հնարավոր չէ օգտագործել:
Բնակիչներից Փառանձեմ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Երրորդ օրն է՝ Վեոլիա ջուր ենք ահազանգում, ամբողջ Կավարտ բանավանի ջուրը ամանորյա լիմոնադի է վերածվել, ընկերության պատասխանը մեկն է՝ շեղումներ չկան, ձեր ջուրը մաքուր է, խնդրում եմ օգնեք, շտապ է, օգնեք հասկանալ այս ջրի մաքրության գաղտնիքը»:
Տեսանյութում բնակիչը բացում է ծորակը, որտեղից հոսում է ժանգաջուրը և «Վեոլիա ջուր» ընկերությանը հարցնում.
«Կխմե՞ք այս ջուրը, «Վեոլիա ջրի» ժողովուրդ»:
Aysor.am-ը փորձեց հասկանալ խնդիրը և մեր հարցին ի պատասխան «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը պատասխանեց. «Այդ տարածքում ցանցի խնդիր կա, այնտեղ մեծ պրոբլեմ կա, այնտեղ պետք է վերակառուցում անցկացվի, դրա համար պետք է ինչ-որ կազմակերպություն զբաղվի»:
Խոսնակը խնդրին ամբողջությամբ չէր տիրապետում և հորդորեց էլեկտրոնային հարցում ուղարկել, որին համապաստախան բաժինը կկարողանա մանրամասն պատասխանել:
Մեր դիտարկմանը, թե բնակիչներին հետաքրքում է՝ երբ են ունենալու խմելու մաքուր ջուր, Մուրադ Սարգսյանը արձագանքեց՝ ասելով, որ էլեկտրոնային հարցում ուղարկելու դեպքում մանրամասն կպատասխանեն: