27/12/2017 15:26
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին փոխանցել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկությունը
Մոսկվան ողջյունում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումը և հետաքրքրված է դրա արդյունքնով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է առկա զարգացումների հիման վրա հակամարտության փոխզիջումային լուծման ուղիներ գտնելու Բաքվի և Երևանի ձգտմանը:
Բացի այդ, Գ.Կարասինը նշել է, որ այս տարվա դեկտեմբերին Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կարգավորման հիմնախնդիրները, որոնց շուրջ համաձայնություն մինչ այժմ չի հաջողվել ձեռք բերել:
«Դիտարկվել են հնարավոր գործողությունները, որոնք նպաստում են հակամարտության գոտում իրավիճակի սրման նվազեցմանը: Կողմերին տրամադրվել են հստակ առաջարկություններ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ: Նախարարները համաձայնել են շարունակել բանակցություններն այս և այլ հարցերի շուրջ 2018 թվականի հունվարին՝ միջնորդների «եռյակի» մասնակցությամբ», - ասել է Կարասինը: