27/12/2017 18:40
Վարչապետի ընտանիքի անդամները Վանաձորում կսկսեն բիզնես ծրագրեր իրականացնել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր ընտանիքի անդամները Վանաձորում սկսելու են բիզնես ծրագրեր իրականացնել:
«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբանը վարչապետ Կարապետյանի հետ հարցազրույցում նկատել է, որ իր գույքի և եկամուտների հայտարարագրում բավականին մեծ դրամական միջոցներ է Կարապետյանը հայտարարագրել ու հետաքրքրվել. «Ենթադրում եմ, որ դրանք ազատ միջոցներ են: Իսկ հարմար ծրագրեր չկա՞ն, որ դրանցում ներդրումներ անեք»:
Ի պատասխան, Կարապետյանը ասել է. «Կան, և՛ անելու եմ, և՛ անում եմ, բայց ես չեմ անում, հիմա ո՞նց են ասում՝ իմ ընտանիքի անդամներն են անում: Գյումրիում ծրագիր կա, մտածում եմ՝ Վանաձորում նույնպես նման ծրագիր անել զբոսաշրջության զարգացման համար, և այլ ծրագրեր էլ կան, որոնք իմ ընտանիքի անդամներն անում են և անելու են»:
Կարապետյանն ասել է, որ այդ ներդրումները միայն ծառայությունների ոլորտում չեն լինելու, այլ նաև արտադրության, գյուղատնտեսության:
Պաշտոնյան, սակայն, փակագծեր չի բացել և չի ասել, թե երբ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն:
«Շատ տեսանելի ապագայում», - ասել է նա: