27/12/2017 18:30
Իմ ու Վահագնի կողքին կլինեն տղաս, մայրիկս, մեր ընկերները. Իռեն Ուլիխանովան՝ ԱՄՆ-ում կազմակերպված ամանորյա միջոցառման մասին
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում գտնվող պարուհի Իռեն Ուլիխանովան և հումորիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանն Ամանորի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել այնտեղ գտնվող ռեստորանային համալիրներից մեկում: Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում նշեց պարուհին՝ թեկուզ հայրենիքից հեռու, բայց 2018-ը կդիմավորեն աշխատանքային գեղեցիկ մթնոլորտում՝ ընկերների ու հարզատների միջավայրում:
«Հյուրախաղերի, համերգային ծրագրերի պատճառով շատ անգամներ եմ Ամանորը երկրից դուրս անցկացրել, այս տարին բացառություն չէ: Իմ ու Վահագնի կողքին կլինեն տղաս, մայրիկս, մեր ընկերները՝ Արա Մարտիրոսյանը, Արմուշը, Նարեկ Ներսիսյանը, Ջոնի Կարապետյանը, Գոռ Եփրեմյանն ու այլք: Սովորաբար, ես նախընտրում եմ աշխատել նույնիսկ տոն օրերին: Էական չի՝ այս կամ այն տոնը տա՞նը, թե՞ որևէ հաստատությունում կանցկացնեմ, կարևորը՝ ինձ հարազատ մարդկանցով շրջապատված լինեմ: Առաջնայինը տրամադրությունն ու մտերմիկ միջավայրն է», - ընդգծեց Ի. Ուլիխանովան:
Պարուհի և հումորիստ ամուսիններն Ամանորը տանը վերջին անգամ երկու տարի առաջ են նշել: Այդ տարի տոնական ճաշացանկը փոքր-ինչ ավանդական էր:
«Քանի որ այդ տարի նոր տուն էինք գնել, որոշեցինք տանը նշել: Միշտ փորձել եմ, որ ամանորյա ճաշացանկը տարբերվի, ավանդական չլինի: Ամեն անգամ աշխատում եմ ստանդարտից դուրս մի բան մտածել», - հավելեց նա:
Խոստովանեց՝ թեև բոլոր տարեմուտները նա յուրօրինակ ու տարբեր է անցկացրել, սակայն ամենից շատ տպավորել է ծաղկաձորյան Նոր տարին, երբ աշխատանքի բերումով Ամանորը դիմավորեցին Ծաղկաձորի հրապարակում:
Իռենի ու Վահագնի որդին՝ 8-ամյա Աշոտը, հավատում է Ձմեռ պապիկին ու նրանից «Assasin» խաղի հետ կապված նվեր է խնդրել: Պարուհին տարակուսանքով նկատեց՝ փնտրում են, բայց դեռ չեն գտել:
«Ասեմ, որ մեծերը հրաշքներին հավատալու առավել շատ կարիք ունեն, ինքս էլ ուզում եմ հավատալ դրանց: Ուզում եմ, բայց չեմ հավատում», - ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ի՞նչ երազանքներ ունի կապված 2018-ի հետ, պատասխանեց.
«Առհասարակ, երազել կարող եմ միայն այն, ինչն իմ ուժերով իրականացնել չեմ կարող. երազում եմ՝ իմ բոլոր սիրելի մարդիկ լինեն առողջ ու միշտ իմ կողքին: Իսկ մնացածը միայն նպատակներ են, որոնցից մի քանիսն արդեն իրականացրել եմ, մի քանիսն էլ, հուսամ, կիրականանան», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Իռեն Ուլիխանովան: