28/12/2017 19:41
Պատրաստ ենք սպորտ նախարարությանը օգնել արժեքավոր խորհուրդներով. Արսեն Ջուլֆալակյանին չի գոհացրել լավագույն մարզիկների տասնյակը
2017 թվականի լավագույն մարզիկի ընտրության կարգն ու ընտրված հերթականությունը ոլորտի ներկայացուցիչներից շատերի դժգոհությունն է առաջացրել: Ֆեյսբուքյան իր էջում դրան անդրադարձել է նաև Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը:
«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ, որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝ կախված դրա հարկից, մեդալակիրին միավորներ կապահովի, որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։ Օրինակ՝ օլիմպիական ոսկի-20 միավոր, արծաթ-15, բրոնզ-10: Նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի...)
Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ, բնականաբար, չի կարող պրոֆեսիոնալ լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝ անկախ այդ մարզիկի՝ տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից: Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ: Էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը: Մի խոսքով` պատրաստ ենք սպորտ նախարարությանը օգնել արժեքավոր խորհուրդներով, ոչ միայն տվյալ խնդրում:
Հ.Գ. պաշտոն ու աշխատավարձ հաստատ չեմ ուզի դրա համար: Գոհ եմ»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը: