28/12/2017 22:12
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան այլ մարզիկներ. Ռուբեն Հայրապետյան
Առնվազն վերջին 4-5 տարիներին հայրենական սպորտի ղեկավարները գրպանել են Հենրիխ Մխիթարյանի՝ 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվելու հնարավորությունը, «Ազատության» եթերում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ֆեդերացիան ոչ թե դժգոհ է եղել քվեարկությունների դեմ, այլ ուղղակի այն ֆարսը, որը կատարվել է տարիներ շարունակ՝ ֆուտբոլը ընդհանրապես մարզաձև չհամարելով, փորձել են չընդգրկել ֆուտբոլիստ նույնիսկ ցուցակում, որ քվեարկությանը մասնակցի» ,- ընդգծել է Հայրապետյանը՝ հավելելով․ «Էստեղ խնդիրն այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս շատ բարձր մակարդակով միջազգային բոլոր ասպարեզներում, հանդիսանում է մեր ազգային հավաքականի ավագը, որը ամեն ինչ անում է, որ մեր հավաքականը ունենա հաջողություն: Իսկ այն, որ մեր հավաքականը չի դարձել աշխարհի կամ Եվորպայի մրցանակակիր, չի նշանակում, որ ֆուտբոլը սպորատաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել՝ Խորեն Հովհաննիսյանին 10 տարի շարունակ ինչո՞ւ էին ճանաչել Հայաստանի լավագույն 10 սպորտսմենների մեջ՝ «Արարատը» չլինելով չեմպիոն»:
Դիտարկմանը, թե լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվում էին նրանք, ովքեր Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում որոշակի մրցանակային տեղեր էին գրվել, մինչդեռ Ֆուտբոլի ազգային հավաքականը նման հաջողություններ մինչև այժմ էլ չի գրանցել , Հայրապետյանն արձագանքել է․ «Խնդիր չկա, այդ դեպքում թող անունը փոխեին, «10 լավագույն մարզիկ» չդնեին անունը, այլ դնեին «10 լավագույն օլիմպիական չեմպիոնները» կամ «10 լավագույն աշխարհի չեմպիոնները» կամ «աշխարհի մրցանակակիրները», էդ դեպքում խնդիր չէր լինի: Բայց միշտ էլ ընդունված է եղել, անգամ խորհրդային ժամանակներից, 10 լավագույն մարզիկները ընտրվել են և դրանց մեջ միշտ էլ եղել են բոլոր մարզաձևերը, չէ՞ որ ֆուտբոլն էլ է մարզաձև: Ֆուտբոլը, որոշ սպորտային ղեկավարներ ուզեն, թե չուզեն, ամենամասսայական մարզաձևն է»:
«Լավագույն մարզիկներին ընտրել է հանրությունը, մեր ժողովուրդն ա ուզում, որ ֆուտբոլը լինի սպորտաձև: Դա չի որոշել ոչ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ոչ սպորտի նախարարը, ոչ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը»,-ասել է նա:
Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան այլ մարզիկներ:
Երեկ, հիշեցնենք, մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի պարգևատրման արարողությունիցհետո հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն էր հայտնել տասնյակի ու քվեարկության կարգի վերաբերյալ։
«Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երևի, սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը որն է», - ասել էր նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ավարտվեց Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների քվեարկությունը։ 10 լավագույն մարզիկները որոշվել են քաղաքացիների sms-ների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում։
23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում հաղթել էր Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Քաղաքացիների sms քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել էր ամենից շատ հաղորդագրությունները` 6195 ձայն:
Այսպիսով՝ ընդհանուր քվեարկության արդյունքում տարվա 10 լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 9897.62 ձայն, 2-րդ տեղում է՝ Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ 7686.50 ձայն, 3-րդ տեղում է Լևոն Արոնյանը՝ 6148.59 ձայն, 4-րդ տեղում է Գրիգոր Մխիթարյանը՝ 4377.62, 5-րդ տեղում է Մաքսիմ Մանուկյանը՝4377.62, 6-րդ տեղում ՝ Բաչկով Հովհաննեսը՝ 3953.65 ձայն, 7-րդում՝ Սիմոն Մարտիրոյսանը՝ 3683.72 ձայն, 8-րդում՝ Էդգար Ստեփանյանը՝ 2503.92 ձայն, 9-րդում՝ Արթուր Թովմասյանը՝ 2485.95 ձայն, 10-րդում՝ Տիգրան Կիրակոսյանը՝ 2196.90։