29/12/2017 17:17
Խոզի բուդը, ձավարապատ իշլի քյուֆթան իրենց մեջ ոչ մի օգտակար բան չունեն. սննդաբան Լիլիթ Բաբասյանն առաջարկում է ամանորյա առողջ ճաշացանկ
Խոզի բուդ ու հնդկահավ, իշլի քյուֆթա, մսով ու պասուց տոլմաներ, բլինչիկ, երբեմն նաև՝ կոկորդիլոս, մայրաքաղաքայինի գլխավորությամբ՝ աղցանների հրավառություն, տարատեսակ թխվածքներ, մրգեր ու չարազեղեն: Եվ որ ամենակարևորն է՝ այս ամենն ուղեկցվում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազանությամբ… Սա հայկական ամանորյա սեղանի փոքրիկ մակետն է:
Բնականաբար, մեր օրգանիզմին դժվար է այդ ամենից հետո վերականգնվել ու սովորական հունի մեջ ընկնել: Դրա համար սննդաբանները խորհուրդ են տալիս՝ Ամանորին սնվեք նույն ծանրաբեռնվածությամբ, ինչ սովորական օրերին՝ զերծ պահելով օրգանիզմին ավելորդ վնասակար ծանրաբեռնվածությունից:
Aysor.am-ի հետ զրույցում սննդաբան Լիլիթ Բաբասյանն ընդգծեց՝ հատկապես նրանք, ովքեր ցանկանում են ավելորդ կիլոգրամներ չհավաքել կամ ավելին՝ տանջվում են դրանցից ազատվելու համար, չպետք է ուտելիքի մեջ իրենց երջանկությունը փնտրեն:
«Սուտ կլինի ասել, որ տոնական սեղանների շուրջ նստած բոլորը չափավոր կընդունեն ալկոհոլն ու ծանր սնունդը: Յուրաքանչյուրը պետք է կենսակերպը փոխելու գիտակցմանը հանգի: Անձամբ ես, իմ օգնությամբ նիհարել ցանկացող հաճախորդներին խորհուրդ եմ տալիս իրենց մեջ սերմանել այն գիտակցությունը, որ թեկուզ հենց 31-ի գիշերը իրենց կարելի է ամեն ինչ, բայց իրենք չեն ցանկանում: Շարունակեն ուտել այն նույն չափաբաժնով, ինչպես մինչ այդ են կերել: Ճիշտ է՝ երեկոյան ժամը 20:00-ից հետո սնվելը որևէ օգուտ չի տա, բայց կարող են ամանորյա գիշերը խոզի ճարպոտ մսի փոխարեն օգտվել հավի կրծքամսից, հնդկահավից, ծովային մթերքներից պատրաստված աղցաններից: Չի կարելի՝ տաք ուտեստ, աղցան, միրգ ու չարազ խառնել իրար: Ի վերջո, 90-ական թվականները չեն, երբ մարդիկ սոված էին, աղքատություն էր ու տարին մեկ անգամ համեղ ուտեստներ ճաշակելու կարևոր առիթը բաց չէին թողնում: Ուղղակի, այդ գիշերը դիմավորեք լավ շրջապատում՝ մեկ բաժակ գինիով շնորհավորելով միմյանց», -խորհուրդ տվեց մեր զրուցակիցը:
Չի կարելի միմյանց խառնել յուղոտ կերակրատեսակներն ու ածխաջրերը: Տոնական օրերին էլ պետք է ուտել ու խմել քիչ քանակությամբ՝ չչարաշահելով նաև ալկոհոլը: Հարցին, թե Նոր տարվա սեղանին տեղ գտած ո՞ր ուտեստներն են առավել վտանգավոր ու ծանր, պատասխանեց.
«Իհարկե, տղամարդկանց դժվար է հորդորել, որ ալկոհոլից զերծ մնան, բայց գոնե կանայք թող միայն չոր գինի նախընտրեն: Ըստ իս՝ գինին հենց կանանց համար է ստեղծված, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կինը նստի ու տղամարդու հետ հավասար օղի խմի… Ինչ վերաբերում է ուտեստներին, խոզի բուդն իր մեջ ոչ մի օգտակար բան չունի, նույնն էլ իշլի քյուֆթան, որն ամբողջովին ձավարապատ է: Սովորական քյուֆթան առավել խրախուսելի է: Նույնիսկ տեսել եմ, որ մարդիկ այդ օրը խաշ են դնում սեղանին: Բոլոր նրանք, ովքեր քաշի հետ խնդիր ունեն, բլինչիկները կարող են պատրաստել վարսակի կամ կուկուռուզի ալյուրով ու հավի ֆարշով: Նույն տոլման էլ կարելի է առավել անյուղ պատրաստել, այդ միսը տեղով յուղոտ է, պետք չի լրացուցիչ կարագ լցնել, սպիտակ բրնձի փոխարեն էլ մուգ բրինձ ավելացրեք»:
Նկատառմանը, թե ի՞նչ պարունակություն է ունենալու սննդաբանի ամանորյա սեղանը, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.
«Ես այդ օրերին «փախնելու» եմ Հայաստանից, քանի որ գիտեմ՝ իմ սեղանին խոզի բուդ ու հայկական ուտեստներ չեմ դնի, ու չէի ցանկանա իմ հյուրերի աչքերում այդ օրը զարմանք տեսնել: Ես, ամուսինս ու որդիս 2018-ը կդիմավորենք Ստոկհոլմում՝ հյուրանոցում, որտեղ տոնական սեղան կլինի ու իմ պատրաստելու անհրաժեշտությունը չի լինի: Կհյուրընկալվենք նաև այնտեղ բնակվող մեր ընկերներին, որոնց խոհանոցին մի փոքր կխառնվեմ»:
Լիլիթ Բաբասյանն Ամանորի նախաշեմին միայն մեկ մաղթանք ունի՝ թող բոլորը հավատան իրենց ուժերին ու ձգտեն իրականություն դարձնել սեփական երազանքները:
«Անգամ, եթե մանկական տարիքից դուրս եք եկել, ոչինչ, հավատացեք իրական հրաշքներին: Հավատն ու երազանքը մեզ հոգեկան հավասարակշռություն են պարգևում: Օրինակ ես, այնքան եմ հավատում ամանորյա հրաշքին, որ ժամը 00:00-ից վայրկյաններ առաջ երազանք եմ գրում թղթի վրա, վառում այն, մոխիրը խառնում շամպայնին ու խմում: Ու միշտ ինձ թվում է՝ երազանքներս իրականանում են: Ուզում եմ՝ յուրաքանչյուրի երազանքն իրականանա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց սննդաբանը: