31/12/2017 23:59
Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը (Տեսանյութ)
Հայաստանի նախագայհ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
Նախագահն իր ուղերձում ասել է.
«Հայաստանի հարգարժան քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ,
2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր բոլորին անձնուրաց աշխատասիրության ու համբերության համար: Այն հավատը, որ բոլորս ունենք մեր ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ, թող բոլորիս ուժ տա նաև նոր տարում:
Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ, բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության ու հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը:
2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել: Ավելին, դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձեր ձեռքբերումներն են: Դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:
Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքներն ու շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի ու շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:
Սիրելի հայրենակիցներ,
2017 թվականին մենք ընտրեցինք մեր Ազգային ժողովը: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր, խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք հաջորդ տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեկիցները:
Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավաման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք ՀՀ հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր ու կայացած պետական, հասարակական կառույցներով: Միասին Հայաստան ենք վերադարձնելու Հայաստանից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ, ստեղծել գործունեության լայն դաշտ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Սիրելի հայրենակիցներ,
2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր Զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ճանապարհող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն ու բացառիկ կարգուկանոն ունեցող Զինված ուժերում:
Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:
Եվս մեկ տարի է գումարվում Հայատսանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ ակնախ պետականության պատմությանը: Թող 2018-ին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները:
Եկեք միասին բաժակ բարձրացնենք ու խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն ու ուրախություն հաղորդենք մեր ընտանիքներին և միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է:
Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության ու փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: