08/01/2018 21:52
Ամանորի գիշերը հեռուստադիտողների 90 տոկոսը դիտել է ՀՀ նախագահի ուղերձը
Ողջ Հայաստանի տարածքում հեռուստադիտողների 90 տոկոսը 2017 թվականը ճանապարհել է դիտելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը:
Ըստ վիճակագրության, նախագահի տարեմուտի ուղերձները միշտ էլ բարձր դիտողականություն են ունենում, սակայն այս տարվա ցուցանիշը ռեկորդային է: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի պատրաստած ռեպորտաժից:
Տոնական օրերին հայաստանյան հեռուստաընկերությունների շարքում ամենաբարձր ռեյտինգն ունեցել է «Արմենիա» TV-ն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հեռուստադիտողների շուրջ 60 տոկոսը նախընտրել է հենց «Արմենիա» հեռուստաընկերությամբ օրվա տարբեր ժամերին հեռարձակված հումորային նախագծերը, սիթքոմներն ու համերգային ծրագրերը:
«Մենք գրանցել ենք վերջին 6 տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ թե Prime time-ում, թե սովորական ժամերին: Սա իրոք աննախադեպ և ռեկորդային ցուցանիշ է: Սա նշանակում է` Հայաստանի պոտենցիալ հեռուստադիտողների շուրջ 55-60%-ը նախապատվություն է տվել մեր եթերում հեռարձակվող ծրագրերին», -նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: