09/01/2018 15:01
«Հայր ու տղա». Ռեժիսոր Արեն Վաթյանը երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմ է նկարել (լուսանկարներ)
Ռեժիսոր, դերասան Արեն Վաթյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է լինելու երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Մշակույթի նախարարության հովանավորությամբ, կոչվում է «Հայր ու տղա»: Ֆիլմի հիմքում ոչ թե երկրաշարժի պատճառած վնասներն են, այլ դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունը. աղետը, որը քանդում է քաղաքներ ու գյուղեր, այս պարագայում վերամիավորում է կազմալուծված ընտանիքին:
«Սա մի ընտանիքի պատմություն է: Գործողությունները տեղի են ունենում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08-00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում: Ընտանիք, որ մինչ երկրաշարժը քայքայվել էր, երկրաշարժին հաջորդած ժամերի ընթացքում միավորվում է: Մեր ֆիլմում շատ դերասաններ ընդգրկված չեն, սակայն բավական բարդ մասսայական տեսարաններ ունենք: Հիմնական հերոսներին՝ հորն ու որդուն, մարմնավորում են ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանը և Քերոբ Հարությունյանը, ընտանիքի մոր դերում Լիլիթ Վարոսյանն է», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արեն Վաթյանը:
Շուրջ 15 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարիստը դրամատուրգ, սցենարիստ Արմեն Վաթյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել դեկտեմբեր ամսին՝ Գյումրիում և Ձորաղբյուրում: Մոնտաժային աշխատանքներն արդեն կատարված են:
Թե ո՞ւմ կվստահվի ֆիլմի երաժշտական ձևավորումն ու սաունդթրեքը՝ ռեժիսորը նախընտրեց դեռևս չբարձրաձայնել: Պրեմիերայի օրն էլ հստակեցված չէ, սակայն դրանից հետո ֆիլմը կունենա նաև փառատոնային ճակատագիր: