09/01/2018 22:54
«Սուպեր մամա-2»-ը ապօրինի է հայտնվել համացանցում. մանրամասնում է Հայկ Մարությանը
Արդեն մի քանի օր է՝ կինոթատրոններում եռամսյա կյանք ունենալուց հետո համացանցում է հայտնվել «Կարգին» և «Էսքիզ» ստուդիաների կողմից նկարահանված «Սուպեր Մամա - 2» կատակերգական ֆիլմը, որ գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր հերոսը դերասան Հայկ Մարությանն է: Այնինչ, ստեղծագործական կազմը ի սկզբանե հայտարարել էր՝ ֆիլմը մեծ էկրաններից շուտ չի իջնի, առաջիկա մեկ տարին համացանցում ու հեռուստաէկրաններին չի հայտնվի: Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն ֆեյսբուկյան իր էջում դերասան-պրոդյուսերը գրառում է արել, որից հստակ հասկացվում է՝ ֆիլմն ապօրինաբար է համացանցում հայտնվել:
«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված և համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթածքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին:
Ի՞նչ հասկացա այս օրերին։ Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:
Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես, Հայաստանում ֆիլմարտադրությունը իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է», - գրել է դերասանը: