09/01/2018 14:46
Ռազմիկ Մանսուրյանը պատրաստվում է նկարահանել «Երջանկության մեխանիկա. 30 տարի անց» ֆիլմը. մանրամասնում է դերասանը
1982 թվականին Ներսես Հովհաննիսյանի կողմից նկարահանված «Երջանկության մեխանիկա» ֆիլմին, կարծում եմ, բոլորն են ծանոթ, ծանոթ են նաև ֆիլմում իմպրովիզային «պիոս» արտահայտությամբ աչքի ընկած դերասան Ռազմիկ Մանսուրյանին, ով մարմնավորում էր գլխավոր հերոսի ընկերոջը՝ Վարդանին: ԱՄՆ-ում բնակվող դերասանը Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ առաջիկայում պատրաստվում է հանրությանը ներկայացնել «Երջանկության մեխանիկա. 30 տարի անց» ֆիլմը, որը կլինի նախորդի տրամաբանական շարունակությունը:
Նպատակի մասին դերասանը կիսվել է Սոնային մարմնավորող դերասանուհի Ալլա Թումանյանի հետ, ով սիրով համաձայնվել է նկարահանվել նաև նոր ֆիլմում: Հարցին, թե կհաջողվի արդյոք ֆիլմը կյանքի կոչել առանց գլխավոր դերակատար Ազատ Գասպարյանի (Ռուբեն՝ հեղ.), Ռազմիկ Մանսուրյանը պատասխանեց.
«Ըստ սցենարի՝ Ռուբենը մահանում է, ու տարիներ անց իմ ու Ալլա Թումանյանի հերոսները կրկին հանդիպում են ու վերհիշում անցյալը… Այժմ մանրամասնել չեմ կարող, քանի որ սցենարի վրա եմ աշխատում: Երբ ամեն ինչ առավել ընդգծված կլինի, անպայման կտեղեկացնեմ: Ի դեպ, այստեղ է գտնվում նաև Սոնայի (Ալլա Թումանյան՝ հեղ.) ավագ դստերը մարմնավորող Մանանա Հակոբյանը, ով ևս իր ներկայությունը կունենա ֆիլմում… Գիտեք, երբ մտահղացմանս մասին հայտնեցի Վիգեն Չալդրանյանին, ասաց՝ մոռացիր, հիմա այդպիսի կինոներ չեն նայում: Զարմացա, բայց չհամաձայնեցի»…
Դերասանը չի թաքցնում՝ ֆիլմ նկարահանելը ֆինանսական զգալի ներդրում է պահանջում: Վստահ է՝ այդ հարցին իրեն կաջակցեն ԱՄՆ-ում իր կողքին գտնվող ընկերները: Դիտարկմանը՝ գուցե այդ հարցով դիմի ՀՀ Մշակույթի նախարարությանը կամ կինոկենտրոնին, նկատեց.
«Արմեն Ամիրյանն ինձ շատ մտերիմ ու հոգեհարազատ մարդ է, մինչ իր նախարար դառնալն էլ ընկերություն ենք արել, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տալիս այդ ընկերությունը չարաշահել… Գիտեք, սփյուռք-հայրենիք կապը մի քիչ այլ է, Սփյուռքի նախարարի վերաբերմունքն է այս ամենի նկատմամբ այլ: Ինքս մի քանի անգամ տիկին Հակոբյանին ասել եմ՝ դրսի հայ արվեստագետներին էլ պետք է նայել որպես հայրենիքի մասնիկների, ուշադրություն դարձնել: Մենք մեր տարիքն առել ենք, այստեղ չենք եկել հարսանիքներին ու կնունք-ծնունդներին երգելու համար: Լուրջ արվեստագետների մեծ բանակ ունենք, որոնց պետք չէ մոռանալ՝ Պապին Պողոսյան, Արմեն Հովհաննիսյան, Սալբի Մայիլյան, Ալիս Կապլանջյան, Լևոն Շարաֆյան… Այսօր Հայաստան են կանչում միայն գործարարներին, ասում են՝ եկեք, այստեղ բիզնես դրեք: Բայց Հայաստանը միայն բիզնեսի համար չի, պետք է նաև արվեստագետներին ոգևորել»:
Երգիչ-դերասանն ընդգծեց՝ ինքն իր մասին չի, որ ակնարկում է, երբ էլ ցանկանա, կարող է գալ ու համերգային ծրագրով ներկայանալ: Ի դեպ, 2006 թվականին Օպերայի և բալետի թատրոնի այդ տարիների գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից Հայաստանում համերգով ներկայանալու հրավեր ստացավ ու սիրով ընդունեց՝ ամբողջ հասույթը իր իսկ կամքով փոխանցելով բարեգործությանը:
«Չէ՞ որ ժամանակին այդ նույն թատրոնի օպերային երգիչներից եմ եղել: Ես այդ համերգից ոչ մի դրամ իմ գրպանը չեմ դրել ու պատրաստ եմ հետագայում էլ նույն կերպ վարվել: Գյումրիում էլ եմ այդ նույն սկզբունքով համերգ ունեցել, այստեղ էլ այդպես է: Հավատացեք, երկար տարիների օպերային երգիչ լինելով հանդերձ՝ մատների վրա կարող եմ հաշվել, թե իմ համերգներով որքան գումար եմ աշխատել: Փառք Աստծո, դա ինձ չի վնասել. ոտքի վրա եմ, պարտք չունեմ, գլխիս վերևում տանիք ունեմ, ինձ լավ եմ զգում իմ ընտանիքում, հարգվում եմ ու սիրվում ամենուր, որտեղ հայտնվում եմ: Միայն թե հայրենիքը պետք է գնահատի ու համագործակցության եզրեր փնտրի իր արվեստագետների հետ: Այդտեղ լինում են «Ոսկե ծիրաններ», «կարմիր ցոգոլներ»… Ինձ համար շատ վիրավորական էր, երբ մի քանի տարի առաջ լուսահոգի Ներսես Հովհաննիսյանի պնդմամբ հատուկ «Ոսկե ծիրանի»-ն ներկա գտնվելու համար Հայաստան եկա, քանի որ «Երջանկության մեխանիկա»-ն էր ներկայացվելու, ու բեմից առանց մի բառ ասելու՝ հեռացա: Ազատ Գասպարյանն արդեն վատառողջ էր, Ն. Հովհաննիսյանը Մոսկվայում էր, չէր կարող գալ, ինձ ասաց՝ դու կգնաս ու բոլորիս անունից խոսք կասես: Ես, իհարկե, մինչև վերջ մնացի դահլիճում, հետևեցի ընթացքին, բայց Հարություն Խաչատրյանն այդպես էլ ինձ բեմ չհրավիրեց: Հետո պարզվեց՝ մոռացել է: Ճիշտ է, Հարություն Խաչատրյանն էլ իմ ընկերն է, բայց դա շատ վիրավորական էր ինձ համար, կարծում եմ, ես այնքան էլ մոռացվող մարդ չեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռազմիկ Մանսուրյանը: