10/01/2018 15:43
Ծննդյանս լավագույն նվերը որդուս ծնվելն է. Հրանտ Թոխատյանը դարձավ 60 տարեկան
ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր դարձավ 60 տարեկան: Թեև տարին հոբելյանական է, այնուամենայնիվ, դերասանը մեծ միջոցառում չի նախատեսում, ինչպեսև ամեն տարի, այսօր էլ նրա կողքին կլինեն ամենամտերիմները: Տոնական գեղեցիկ օրն էլ հոբելյարը մեկնարկել է երկու տարեկան թոռնիկի՝ փոքրիկ Հրանտ Թոխատյանի շնորհավորանքով ու համբույրով:
«Ուղիղ կեսգիշերին ինձ համբուրեց թոռնիկս, որն աշխարհի ամենաքաղցր շնորհավորանքն է: Ինչ վերաբերում է օրվա հավաքույթին, դեռ չեմ որոշել՝ ծնունդս տանը, թե դրսում կանցկացնեմ, բայց այն, որ կողքիս լինելու են երեխաներս ու ընկերներս՝ հաստատ է», - Aysor.am-ի հետ զրույցում դերասանը:
Ի դեպ, այսօր նաև Հրանտ Թոխատյանի և Իրինա Դանիելյանի որդու՝ Հրանտի 26-ամյանկն է, ով թեև ընկերների միջավայրում հայտնի է Հայկ անունով, սակայն փաստաթղթերով կրում է հայրիկի անուն-ազգանունը:
«Իմ 34-րդ տարդարձի օրը կրտսեր որդիս ծնվեց, դա իմ կյանքի ամենագեղեցիկ, ամենասպասված ու ամենաերջանիկ օրերից ու նվերներից մեկն էր: Որոշեցի, որ նա էլ պետք է երջանիկ լինի ու անունը դրեցի Հրանտ: Որքան էլ նույն օրն ենք ծնվել, միևնույն է, ամեն մեկս ունի իր շրջապատը, ընկերները, միջավայրը, բայց օրվա ընթացքում գալիս է մի պահ, երբ բոլորս հայտնվում ենք միևնույն սեղանի շուրջ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ի՞նչ նվեր կցանկանար ինքը և ի՞նչ կնվիրի անվանակից որդուն՝ պատասխանեց.
«Որդիս վաղուց երազում է ունենալ փոքրիկ ճանապարհորդություն, ու ես կփորձեմ իրեն այդպիսի նվեր-անակնկալ անել: Հուսով եմ, մինչ այդ այս նյութը չի կարդա: Իսկ իմ առումով կասեմ՝ ես այն երջանիկներից եմ, ով կյանքում միշտ ունեցել է այն, ինչ ցանկացել է: Ինձ համար մեծ երջանկություն էր Արամիս, Հրանտիս, Լիլիթիս ծվելը, նաև թոռնիկիս՝ փոքրիկ Հրանտի ծնվելը»:
Անդադառնալով 60 տարիների ձեռքբերումներին՝ հոբելյարը շեշտեց՝ իր կյանքի ամենակարևոր մասնիկը ծնողներս են, ձեռքբերումները՝ ընկերներն ու Կամերային թատրոնը:
«Անձնական կյանքում գլխավոր ձեռքբերումներս են երեխաներս, թոռնիկս, ընկերներս: Ստեղծագործական կյանքում՝ այն ներկայացումները, որոնցով բեմ եմ բարձրացել ու խոսել ժողովրդի հետ: Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ ծնվել ու ապրում եմ Երևանում, մեծանում եմ այստեղ», - ընդգծեց նա:
6-րդ տասնամյակ թևակոխած դերասանին թվերի ավելացումը չի վախեցնում, խոստովանում է՝ նույնիսկ չի էլ զգում, որ արդեն 60 տարեկան է.
«Տարիքն ինչ-որ մի թիվ է, որը գրվում է փաստաթղթերի մեջ, և ոչ ավելին: Եթե ունես ինչ-որ մի բան ստեղծելու, սովորելու ու արարելու ձգտում, եթե չես կորցնում զարմանալու, սիրելու և սիրահարվելու ցանկությունն ու ունակությունը, ապա թվերն անզոր են, որևէ նշանակություն չունեն»:
Շատերն են պնդում՝ ժամանակի մեքենա ունենային, անցյալ կվերադառնային ու իրենց կյանքում որոշ բաներ կփոխեին: Հրանտ Թոխատյանը նկատում է՝ անձնական կյանքում, հավանաբար, ոչինչ չէր փոխի, միայն կցանկանար, որ Հայաստանը լիներ ավելի լավը, քան այսօր է.
«Ես կուզեի, որ հենց այսօր ամեն ինչ այլ լիներ, իմ համաքաղաքացիները լինեին առավել ժպտերես, հյուրասեր, ապահովված ու առատաձեռն, ինչպես տարիներ առաջ: Կցանկանայի, որ իմ քաղաքը նորից վարդագույն դառնար, չլիներ այն գորշությունը, որն այժմ մեզ շրջապատում է: Իհարկե, միայն ցանկանալով չեմ բավարարվում, իմ ուժերի սահմաններում փորձում եմ այնպես անել, որ իրականություն դառնա այն քաղաքը, որը ես եմ պատկերացնում»:
Շնորհավորելով որդու 26-ամյակը՝ ՀՀ Ժողովրդաան արտիստն իր հայրական մաղթանքն ուղղեց. թող լինի լիարժեք մարդ ու քաղաքացի, հայր ու ամուսին, մասնագետ:
«Յուրաքանչյուր ծնող առաջնահերթ ուզում է, որ իր զավակը երջանիկ լինի, ես էլ այդ ծնողներից մեկն եմ: Ինձ էլ ցանկանում եմ ուժ ու եռանդ, որպեսզի կարողանամ ցանկություններս ու նպատակներս իրականացնել: Այս տարվա հետ կապված ցանկություններս էլ շատ են, կփորձեմ կյանքի կոչել», - եզրափակեց դերասանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է հայր և որդի Թոխատյաններին՝ մաղթելով անձնական և ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ: