10/01/2018 18:31
Նմանը չունեցող հայ-վրացական ֆիլմ է լինելու. Հրանտ Թոխատյանը՝ նոր նախագծի մասին
Շուրջ մեկ ամիս առաջ հայկական և վրացական կողմերը համատեղ նախագծով ներկայանալու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հայկական կողմը ներկայացնելու են ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանն ու սցենարիստ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, վրացական կողմը՝ դերասան Թեմուր Չիչինաձեի ղեկավարած կինոընկերությունը:
«Առաջարկը մեր կողմից էր: Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպեցինք, ով հավանության արժանացրեց մեր մտահղացումն ու աջակցության պատրաստակամություն հայտնեց: Վրաստանում էլ հանդիպեցինք իրենց Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, նա նույնպես ողջունեց համատեղ ֆիլմ-նախագծի մեր ցանկությունը: Վրացական կողմի համաձայնությունը ևս ստանալուն պես ձեռնամուխ եղանք այն իրականացնելու աշխատանքին: Դեռևս մանրամասնել չեմ կարող, բայց կարծում եմ, սա շատ սպասված ու երկար տարիներ նմանը չունեցող հայ-վրացական նախագիծ է լինելու», - Aysor.am-ին տեղեկացրեց Հրանտ Թոխատյանը:
Ֆիլմի սցենարիստն է Արշակ Զաքարյանը, նկարահանելը կվստահվի ռեժիսոր Արշալույս Հարությունյանին: