10/01/2018 14:32
ՈւԵՖԱ-ն պայմանավորվածություն է նկատել Վանաձոր-Էրեբունի ՖԱ խաղում. Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով՝ «Մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառք տալը և նրանց կողմից կաշառք ստանալը»:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ից ստացել է հարուցված քրեական գործը:
«Այն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար»,- ավելացրեց նա:
Բանն այն է, որ ՈւԵՖԱ-ն զեկույց է կազմել նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-Էրեբունի ՖԱ հանդիպման արդյունքների պայմանավորված լինելու վերաբերյալ: Նշենք, որ այդ խաղն ավարտվել էր 5:0 հաշվով:
«Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ, երբ հանդիպման պայմանավորվածության վերաբերյալ զեկույց է ստացվել «ՈւԵՖԱ»-ի կողմից», - ասաց Սոնա Տռուզյանը: