11/01/2018 18:37
Երգիչ Հրանտոն՝ հայտարարված մրցույթի և Շպռօտի հետ պատրաստվող զուգերգի մասին
Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն, ում երաժշտական դեբյուտը տեղի ունեցավ ամռանը՝ «Վերջին զանգ» ստեղծագործությամբ, օրերս պատրաստվում է մրցույթ հայտարարել տվյալ երգի երկրպագուների համար: Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նկատեց՝ այս երգի տեսահոլովակը կարճ ժամանակում շատ սիրվեց ու մեծ տարածում գտավ, ինչն էլ նման մտահղացման պատճառ դարձավ:
«Տեսահոլովակի պրեմիերայից հետո նույնիսկ սկսեցին երգը վաճառել՝ առանց իմ և հեղինակի թույլտվության: Շրջանավարտները ցանկանում էին ձեռք բերել երգի մինուս տարբերակը, որպեսզի երգեն դպրոցական վերջին միջոցառմանը: Բացի նրանից, որ հասանելի կլինեն կարաոկե և մինուս տարբերակները, ես ու իմ թիմը որոշել ենք նաև հետաքրքիր մրցույթ կազմակերպել, որի ընթացքում ցանկացողները պետք է «Վերջին զանգ» երգի քովեր տարբերակը ներկայացնեն՝ տեսանյութի տեսքով ուղարկելով իմ պաշտոնական էջին: Դե, իսկ հաղթողին մեծ անակնկալ կսպասվի»,- մանրամասնեց Հրանտոն:
Երգիչը չհերքեց՝ ընտրությունը դժվար է լինելու, քանի որ, բնականաբար, մասնակիցները պրոֆեսիոնալներ չեն: Իսկ թե ի՞նչ տեսք կունենա սպասված մրցանակը, պատասխանեց.
«Իհարկե, և՛ մասնագիտական, և՛ մարդկային առումով դժվար է ընտրություն կատարելու գործընթացը: Ի վերջո, պետք է ընտրել նրան, ով քիչ թե շատ երգել գիտի ու ամենաճաշակովը կներկայացնի երգի քովերը: Մեկտեղ, չեմ ցանկանում մյուս մասնակիցներին նեղացնել: Մի բան հաստատ է՝ հաղթողը կընտրվի անաչառ, ու այդ հարցում ինձ կօգնի իմ թիմն ու ևս մի քանի պրոֆեսիոնալներ երաժշտության ոլորտում: Ինչ վերաբերում է մրցանակին, ներկա պահին քննարկում ենք, թե ինչպես կարելի է հնարավորինս հաճելի անակնկալ մատուցել: Մի քանի տարբերակ կա, որոնցից փորձում ենք լավագույնն ընտրել: Վստահեցնում եմ, որ մրցանակը չափից ավելի գոհացնող ու զարմացնող է լինելու: Նաև ասեմ, որ բացի այդ մրցանակից, հաղթողը և ևս 2 մասնակից հնարավորություն կունենան նկարահանվել իմ հաջորդ տեսահոլովակում, որի համար Մոսկվայից հատուկ նկարահանող խումբ է հրավիրված: Մեծամասշտաբ աշխատանք է կատարվելու նոր տեսահոլովակի շրջանակներում»:
Երգիչն այս պահին միանգամից մի քանի երգերի վրա է աշխատում: Եվս մեկ անգամ ընդգծեց՝ հաջորդ տեսhոլովակն իր համար շատ կարևոր է, ինչպես ինքն է ասում՝ այն կլինի յուրաքանչյուր հայի սրտից բխող: Նոր երգի շրջանակներում կրկին շարունակելու է աշխատել Մարինա Թագակչյանի և Վահան Նահապետյանի հետ.
«Ի դեպ, մի փոքր ավելի ուշ կտրուկ ոճային փոփոխություն կանեմ: Ասեմ, որ մեր թիմը ընդլայնվում է, ինչի համար միայն ուրախ եմ»:
Թեև շոու-բիզնեսի բնագավառում Հրանտոն դեռևս «նորաբնակ է», սակայն ընկերների պակաս այս ոլորտում չունի:
«Լիլիթ Հովհաննիսյանն իմ մանկությանն ընկերն է, բարեկամացել եմ նաև Շպռօտի, Սոնա Շահգելդյանի, Մերի Մակարյանի, Վրույր Թադևոսյանի և այլ հայտնի ու սիրված մարդկանց հետ: Ուրախ եմ, որ Երևանում ինձ սպասող շատ ընկերներ ունեմ: Առաջիկայում Շպռօտի հետ դուետ կունենանք, բայց դեռ ավելին չեմ կարող ասել»,- նշեց նա:
Ամերիկաբնակ երգիչը վերջին անգամ Հայաստանում եղել է 2017-ի ամռանը: Ժպիտով խոստովանում է՝ կարոտել է Երևանն ու այն բոլոր վայրերը, որտեղից իրեն «զոռով» էին տուն տանում, ու այս ամռանն անպայման կրկին Հայաստանում կլինի:
«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ կրկին գալու իմ հարազատ երկիր: Այդտեղ նաև հարազատներ, բարեկամներ ու ընկերներ ունեմ: Սիրածս վայրերն էլ շատ են, բայց կառանձնացնեմ Կենտրոնում գտնվող տատիկիս ու պապիկիս տունը, քանի որ տեսարժան բոլոր վայրերը հարևանությամբ են՝ Օպերա, Կասկադ, Հյուսիսային պողոտա, Կարապի լիճ: Եվ որ ամենակարևորն է՝ իմ ամենասիրելի վայրերը ՝ Կենտրոնի սրճարանները, որտեղից ինձ «զոռով» էին դուրս բերում»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտոն: