11/01/2018 11:45
Աջ ղեկով մեքենաները վտանգ են ներկայացնում. Կառավարությունը հաստատեց՝ ապրիլի 1-ից կարգելվի մեքենաների ներմուծումն ու գրանցումը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:
«Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհաին երթեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար:
«Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից:
«Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում:
Նախարարը դրական արձագանք տվեց:
Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե՞ խնդիրները տեսական են:
«Գիտեք, նախ մտահոգությունները կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է», -ասաց նախարարը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը, բայց Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց՝ ամբողջականացնելու համար այն նախաձեռնությունը՝ հարկ է օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ:
«Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարությանը եկող շաբաթ, որպեսզի անհետաձգելի կարգով ուղարկենք Ազգային ժողով», - ասաց Վաչե Գաբրիելյանը: