11/01/2018 16:06
Թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի. փոխնախարար
Գյուղմթերքի թանկացումների հետ կապված նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել և եղել է կոնկրետ հանձնարարական գերատեսչություններին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով ցանկը` սոցիալական նշանակություն ունեցող սոցիալական ապրանքների և համալիր ծրագիր` տեղական արտադրության խթանման տեղական արտադրություն ներմուծման փոխարինման»,-ասաց նա:
Ըստ փոխնախարարի` թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի և որոշ ապրանքներ թանկացել են, որոշները՝ էժանացել:
«Հիմնականում տարին չորային էր, այսինքն ոռոգման հետ կաված խնդիրներ կային: Այս առումով որոշակի ապրանքատեսակների գները բարձրացրել են, սակայն դա, կարծում ենք, ժամանակավոր երևույթ է: Օրինակ՝ կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսությունները ունեն համապատասխան ամբարված բերքի քանակ և ապրանքը կմտնի շուկա ու գների էժանացում կլինի»,- ասաց նա:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախարարի հետ մյուս շաբաթ կկազմակերպվեն հանդիպումներ պանիր, թռնչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար գնային տատանումներն ինչին են վերաբերում:
«Տավարի մսի թանկացումը ևս կապում են երաշտի հետ, կերի թանկացման հետ և 2017 թվականին ավելի քան տասն անգամ արտահանման ծավալներն ավելացել են: Այստեղ հոգեբանական խնդիր է` գյուղացիական տնտեսությունները տեսնում են, որ պահանջարկ կա, գները փորձում են բարձրացնել», - ասաց նա:
Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ապա Ռ. Մակարյանն ասաց, որ եղել է ՀՀ նախագահի հանձնարարական` եթե դիզվառելիքի գնի թանկացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա մշակելու են ծրագիր, որպեսզի որոշակի չափով սուբսիդավորում իրականացվի:
«Բայց, այսօրվա հաշվարկներով, այս պայմաններում դիզելային վառելանյութի համապատասխան թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների համաձայն` լոլիկի, խաղողի առումով մինչև 1-2 դրամի է հասնելու, այսինքն անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա համապատախսան հանձնարարականը, եթե ռիսկային լինի, պատրաստ ենք սուբսիդավորման քաղաքականությունը շարունակել»,-ավելացրեց Ռոբերտ Մակարյանը: