11/01/2018 14:35
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները նպաստում են շփման գծում լարվածության նվազմանը. Քոչարյան
Այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարիների հանդիպմանը:
«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատեց նա:
Փոխնարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը:
«Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նպանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», - հավելեց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարնեի հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանն ասաց.
«Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»: