11/01/2018 14:43
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Ալեքսանդր Արզումանյանին վճարել 2500 եվրո՝ նրա իրավունքները խախտելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր կայացրած վճռով գտել է, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:
Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ պաշտոնական կայքում հրապարակված վճռի տեքստից, Հայաստանը Արզումանյանի նկատմամբ խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»:
Նկատենք, որ Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ հայցը ներկայացնելիս, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Հայաստանի կառավարությունից պահանջել է 81.250 եվրո գումար:
Այժմ Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում Հայաստանի դեսպանն է: Սակայն տարիներ առաջ, երբ ընդդիմադիր գործիչը ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում, Հայաստանի իշխանությունների կողմից մեղադրվում էր փողերի ապօրինի լվացման մեջ:
Մասնավորապես, 2007-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ՝ կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան:
Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։
Դատարանը քաղաքական գործչին կալանավորելիս որպես հիմնավորում ներկայացրել էր Արզումանյանի հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության և իրավապահներից թաքնվելու հիմքերը։
Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է Հայաստանից չբացայակելու ստորագրությամբ։ Ալեքսանդր Արզումանյանն ի սկզբանե չէր ընդունել մեղադրանքը և ՄԻԵԴ դիմել էր՝ նշելով, որ խախտվել են իր ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։