12/01/2018 16:55
ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». Ալեքսանդր Արզումանյան
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի երեկ կայացրած վճիռը, մանրամասնել է Եվրոպական դատարան դիմելու պատճառներն ու նպատակները:
Նա ասել է. «Եվրոպական դատարանի կողմից հաստատվեց այն փաստը, որ դեռևս 2007թ մայիսին ինձ կալանավորելով խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իմ իրավունքները, քանի որ ներպետական դատարանները չէին հիմնավորել իմ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը:
Ներպետական ատյանները միայն բավարարվել էին կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու` օրենքով սահմանված հիմքերը թվարկելով` առանց որևէ կերպ հիմնավորելու դրանցից որևէ մեկի առկայությունը: Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա, քանի որ այն նաև հաշվի է առնվելու մեր դատարանների կողմից կալանքը այլ անձանց նկատմամբ կիրառելու հարցում:
Կարևորում եմ նաև, որ Հանրապետության Նախագահը ՀՀ դատախազության կոլեգիայում և այլ առիթներով անդրադարձել է այս խնդրին և տվել ուղիղ հանձնարարականներ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց ոչ միայն պետք է ընտրվի բացառիկ դեպքերում, այլև` յուրաքանչյուր դեպքում այդ որոշումները պետք է պատշաճ հիմնավորվեն և պատճառաբանվեն:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից տրամադրված նյութական փոխհատուցմանը, ապա այն ունի բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ ինձ համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` Հայաստանի Հանրապետությունից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ ինձ կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման:
Իսկ տրամադրված փոխհատուցման գումարները ես ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Համենայնդեպս ես վստահ եմ, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով խախտվել են դիմումատու Արզումանյանի իրավունքները և պարտավորեցրել էր ՀՀ կառավարությանը նրան վճարել 2500 եվրո գումար: