12/01/2018 19:17
Ռուսաստանում բերման ենթարկված կարատեի աշխարհի հայազգի չեմպիոնը ազատ է արձակվել. մանրամասնում է մենեջերը
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը հերթական կրիմինալ դեպքի կիզակետում է: ArmLur.am-ը հրապարակել էր էլեկտրոնային իր հասցեին ուղարկված հաղորդագրությունը, ըստ որի Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 7-ի առավոտյան անհայտ անձիք առևանգել են ազգությամբ ռուս ոմն Դմիտրի Կովալյովին և ուժի կիրառմամբ նրանից պահանջել խոշոր չափերի գումար: Տուժող կողմը հաստատել է, որ իրեն առևանգել է Կամո Ունանյանն՝ իր ընկերների հետ, ապա ուժի կիրառմամբ պահանջել մոտ 1 միլիոն 200 հազար ռուբլուն համարժեք գումար: Առևանգման մեջ կասկածվողներից երկուսը՝ Կամո Ունանյանն ու Զուրաբ Գուցիևը, բերման են ենթարկվել, իսկ երրորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է սուր ծակող-կտրող գործիք և ռուսական TT մակնիշի ատրճանակ: Փաստի առթիվ տեղի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Aysor.am-ը կապ հաստատեց Կամո Ունանյանի մենեջեր Աննա Մնացականյանի հետ, ով նշեց, որ հրապարակումը մասամբ է համապատասխանում իրականությանը: Ճիշտ չեն նույնիսկ ամսաթվերը:
«Միակ ճիշտ արտահայտությունն այդտեղ այն էր, որ Կ. Ունանյանը բերման է ենթարկվել: Դա տեղի է ունեցել ոչ թե հունվարի 7-ին, այլ՝ 5-ին, հունվարի 8-ին էլ անբավարար ապացույցների պատճառով մեղադրանքը հանվել է ու նրանք ազատ են արձակվել: Ցավալին այն է, որ չճշտված իմֆորմացիաներ են տարածում միահամուռ ձևով, առանց իսկությունն իմանալ փորձելու: Իրականում, դեպքը բոլորովին այլ պատմություն ունի. Դմիտրի Կովալյովն իրեն գումար էր պարտք, պայմանավորվում են՝ Մոսկվայում հանդիպել ու գումարը վերադարձնել: Ինքը Մոսկվա է գնում, իսկ Կովալյովը պայմանավորվածությունը խախտելով՝ փախնում է: Կ. Ունանյանը նրա հետ չի կարողանում կապ հաստատել, անհասանելի է լինում: Իր ընկերների միջոցով ճշտում է, որ Կովալյովը Սանկտ Պետերբուրգ է փախել: Այդ հանգամանքից բարկանալով՝ նրա հետևից ինքն էլ ընկերոջ հետ է Պետերբուրգ մեկնում, նրան գտնում են: Տղաներ են, հավանաբար մի քիչ էլ բարձր կամ կոպիտ են խոսել, ավտոմեքենայի մեջ զրուցելու ընթացքում ոստիկանություն է զանգում: Չգիտեմ, նախապես ոստիկանության հետ պայմանավորված են լինում, թե ոչ, բայց նրանք անմիջապես գալիս ու բերման են ենթարկում», - մանրամասնեց Աննա Մնացականյանը:
Մենեջերը փոխանցեց փաստաբանի խոսքերը՝ զենքով սպառնալիք չի գործադրվել, այլապես՝ 72 ժամը լրանալուց հետո նրանց բաց չէին թողնի, գործն էլ չէր կարճվի:
Նկատառմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Կ.Ունանյանի անունը վերջին ժամանակահատվածում հաճախ է հայտնվում նման դեպքերի կիզակետում, պատասխանեց.
«Ոչ-ոք նման բաներից ապահովագրված չի, նա էլ մեծ շրջապատի տեր, լայն աշխարհայացքով մարդ է: Այո, էմոցիոնալ է, շատ պատվով է ու չի սիրում, երբ փորձում են իրեն խաբել, ինչի համար էլ երբեմն աղմկահարույց պատմությունների մեջ է ընկնում: Եթե նա այդպիսի կյանքով ապրելուց լիներ, հաստատ ո՛չ ազատության մեջ կգտնվեր, ո՛չ էլ մրցումների կմասնակցեր: Նա 108 մեդալի կրող է, աշխարհի եռակի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է, բազմաթիվ բարեգործություններ է արել ոչ միայն իր հայրենի Վայքում, այլև՝ մայրաքաղաքում ու մյուս քաղաքներում», - շեշտեց մեր զրուցակիցը:
Կամո Ունանյանն այս պահին Մոսկվայում է, օրերս կժամանի Հայաստան: