12/01/2018 14:00
Արգենտինահայ Նորայր Նակիսի ձերբակալությունը քաղաքական է, և նա շուտով ազատ կարձակվի. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ծագումով հայ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի արգենտինացի նախագահ Նորայր Նակիսի հնարավոր ազատ արձակման մասին:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արտերկրում ապրող հայազգի ո՞ր ֆուտբոլիստների հետ են բանակցություններ ընթանում Ազգային հավաքականի կազմում ընդգրկելու համար, ինչին ի պատասխան Հայրապետյանը նախ ասաց, որ չի կարող անուններ ասել, քանի որ անունների հրապարակման դեպքում գործակալներ են սկսում աշխատել ու առաջացնում են խոչընդոտներ, այնուհետև հավելեց.
«Մարզիչը ներկայացրել է՝ ում է ուզում տեսնել ազգային հավաքականի կազմում, և մենք այդ ուղղությամբ աշխատանքը տանում ենք: Ուղղակի մի ֆուտբոլիստ կա, որի համար մի քիչ խոչընդոտներ են եղել: Մեր հայրենակիցը, որը բանակցություններ էր վարում, Արգենտինայում ձերբակալեցին, շուտով երևի բաց կթողնեն ու ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կգնա»:
Հայրենակիցը, որին հիշատակեց Հայրապետյանը, արգենտինահայ Նորայր Նակիսն է, որին արգենտինական իրավապահները նոյեմբերի 30-ին ձերբակալել էին՝ փողերի լվացման մեղադրանքով:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել Նակիսի ձերբակալության պատճառներից, Հայրապետյանը պատասխանեց. «Չգիտեմ, մանրամասներ չգիտեմ: Նորայր Նակիսի հետ ես մտերիմ հարաբերությունների մեջ եմ: Մի քանի անգամ նրա հետ արդեն հեռախոսով խոսել եմ: Ինքն էլ, իր տղան էլ ասել են, որ թյուրիմացություն է և ինքը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ես կարծում եմ, ոնց որ քաղաքական ա ավելի շատ (նրա ձերբակալությունը - Aysor.am)»:
Ավելի վաղ Aysor.am-ը, վկայակոչելով արգենտինյան լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել էր ևս 23 անձ, ովքեր կապ են ունեցել ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։