12/01/2018 13:17
Ռուբեն Հայրապետյանը Մխիթարյանի ու Մոուրինյոյի լարված հարաբերություններից գիտի ավելին, բայց չի բացահայտի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի հետ վերջին ժամանակաշրջանում չի հանդիպել։
«Ես Հենրիխ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի խաղի ժամանակ. այն ժամանակ նման պրոբլեմ չկար, այնքանով, ինչքանով դուք գիտեք, ես էլ այդքան գիտեմ», - լրագրողների հետ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Ռուբեն Հայրապետյանն՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին։
Նա ընդգծեց՝ Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին մի քիչ ավելին գիտի, բայց առայժմ չի պատրաստվում որևէ բան ասել։
«Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, մարզիչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները կարող են և լավանալ, և վատանալ, պետք չէ մտնել նրանց հարաբերությունների մեջ», - ասաց նա։
ՀՖՖ նախագահն ընդգծեց՝ Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստ է, որ եթե «Մանչեսթերում» չստացվի իր խաղը, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ։
«Նա չի կարող մնալ պահեստայինների նստարանին», - ասաց Ռ. Հայրապետյանը։
Նա նշեց, որ Մխիթարյանի տեղափոխման մասին քննարկումներ կան, բայց առայժմ հստակ որևէ բան չկա։