12/01/2018 14:14
Հեչ համաձայն չեմ, թե Հենրիխ Մխիթարյանը ավելի շատ չի ներկայացրել մեր երկիրը. Ռուբեն Հայրապետյան
Նորմալ, այսպես է վերաբերվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փաստին, որ Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան լավագույն մարզիկների տասնյակում չէր նշել Հենրիխ Մխիթարյանի անունը։
«Այդ լրագրողները թող իրենց խղճի, մտքի, գլխի, աչքերի առաջ պատասխան տան», - Aysor.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ ասաց Ռուբեն Հայրապետյանը։
Նա նշեց, որ ասելու ոչինչ չունի, քանի որ «այդ մարդիկ պատվեր կատարող են»։
Հիշեցնենք, քննարկումների առիթ էր դարձել Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիկ դառնալու որոշումը։ Քննարկումներում և մեկնաբանություններում նշվում էր, թե տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի համար այնքան բան չի արել, ինչքան մյուս մարզիկները։
«Ինչ վերաբերում է նրան, թե Հենրիխ Մխիթարյանը արժանի էր տասնակում լինելու, թե ոչ, ես ավելի արժանիին էլ չեմ տեսնում։ Իհարկե, բոլոր այն մարզիկները, ովքեր միջազգային ասպարեզներում Հայաստանի դրոշը բարձրացնում են, նրանք բոլորն էլ արժանի են, և ես նրանց առաջ գլուխ եմ խոնարհում», - ասաց Ռուբեն Հայրապետյանը։
Ֆեդերացիայի նախագահը նշեց նաև. «Հեչ համաձայն չեմ մտքի հետ, թե Հենրիխ Մխիթարյանը ավելի շատ չի ներկայացրել մեր երկիրը, ուղիղ հակառակը»։
Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ Լևոն Արոնյանն էլ է ամենաարժանին։
«Կարող է՝ սխալ եմ, բայց գտնում եմ, որ Լևոն Արոնյանն էլ շատ մեծ դեր ունի, քան այն մարդիկ, ովքեր փորձում են քննադատել», - եզրափակեց խոսքը ՀՖՖ նախագահը։