15/01/2018 12:07
Հայաստանում նախագահ կընտրեն մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները ՀՀԿ-ն կսկսի արդեն այս շաբաթվանից (Տեսանյութ)
Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում, այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսականացված։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ», - հայտարարեց Բաղդասարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի, Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար։ Մյուս հարցին, թե կա՞ իր համար այդպիսի ընդունելի կերպար, Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ համար կարող է մի քանի կերպար լինել, բայց ես չեմ բարձրաձայնում։ Այդ մասին կհայտնեմ մեր նիստի ժամանակ»։
Մանրամասն՝ տեսանյութում: