15/01/2018 17:43
Լավրով. Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել մեկ փաստաթղթով, անհրաժեշտ է փուլային մոտեցում
Ռուսաստանը չի կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ հստակ պլաններ, քանի որ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2017 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան՝ որպես ՄԽ ԵԱՀԿ երեք համանախագահները, անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն կարգավորմանը: Մենք վերջին տարիների գործադրել ենք ինտենսիվ ջանքեր, որպեսզի ամփոփենք բոլոր կողմերի դիրքորոշումները, փորձել ենք իմի բերել նրանց միանման մոտեցումները տարբեր ճգնաժամի տեսանկյունների վերաբերյալ և, միևնույն ժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել մի ընդհանուր հայտարարի՝ կողմերի այն հարցերում, որոնցում նրանք դեռև տարակարծիքի են», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ համանախագահների բոլոր առաջարկները փոխանցվել են կողմերին, կողմերը գիտեն, որ համանախագահները մտածում են, բայց լուծում իրենք պետք է գտնեն:
«Եվ իհարկե, մենք սպասում ենք, որ կողմերից կստանանք որևէդրական արձագանք: Կարծում եմ, որ այժմ կարևոր է նախաձեռնել հավելյալ քայլեր, որպեսզի շփման գծում իրավիճակը հանդարտվի: Դա կօգնի անցում կատարել նաև քաղաքական կարգավորմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ խնդիրը մեկ փաստաթղթով և հավերժ հնարավոր չէ լուծել:
«Անհրաժեշտ է փուլային մոտեցում: Փուլային մոտեցումը, որը կարտացոլի այսօրվա հնարավորություններում պայմանավորվածություն, կդառնա ուղեցույց այն հարցերի լուծման համար, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ՝ վերջնական կարգավորմանը հասնելու համար, այդ թվում՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այնպես որ, ամեն ինչ կողմերի ձեռքում է», - հայտարարել է Ս. Լավրովը: