15/01/2018 10:21
ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ նախագահն ասաց, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Արա Բաբլոյանը կոչ արեց ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը ճիշտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։
«Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային ծրագրային մոտեցում ունի այս հարցին ժամանակ առ ժամանակ անդրադառնալու», - նշեց ԱԺ նախագահը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ լսումներն օգուտ չեն տալու, քանի որ իրենք 2017-ից բազմիցս խոսել են դրանց մասին և նշել, որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր Հարկային օրենսգիրքը ավելի շատ թանկացումների պատճառ է դառնալու։
«Անիմաստ է կազմակերպել լսումներ։ Պետք է հարկային օրենսգիրքը մտնցել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ անել։ Մեր կոչն է քաղացացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ցույց կազմակերպել, որովհետև այս հարցի քննարկումը խորհրդարանում սպառվել է», - նշեց Մարուքյանը։