15/01/2018 19:19
Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան
Երիտասարդ դերասան, ռեժիսոր Մովսես Նիկողոսյանին տարիներ առաջ ճանաչում բերեց «Քաղաքում» սերիալի Կարբիտի կերպարը: Տևական ժամանակ էր՝ դերասանն էկրանային լռություն էր պահում, ինչը բոլորովին էլ անպատճառ չէր. շուրջ 3 տարի Մովսեսն անազատության մեջ էր, ու հենց այդ անազատությունը պատճառ դարձավ նոր՝ ինքնակենսագրական գրքի ծնունդի, որը շուտով ֆիլմ կդառնա: Ի դեպ, դերասանը նախորդ ամռանը նշանադրվել է, սակայն ամուսնության մասին դեռևս չի բարձրաձայնում:
Մովսես Նիկողոսյանն այժմ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր առաջարկի ու անցած երեք տարիների մասին:
- Մովսես, արդեն մի քանի օր է՝ Ձեզ հանդիպում ենք նոր ֆիլմում ու Ձեր նախորդ կերպարից բոլորովին տարբերվող կերպարով: Հեշտությա՞մբ եք համաձայնվել այս առաջարկին:
- Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ ստացել: Ճիշտն ասած՝ հեշտությամբ կամ դժվարությամբ համաձայնվելն իմը չէ, ես կամ համաձայնվում եմ կամ ոչ: Այս անգամ առաջին տարբերակը նախընտրեցի (ժպտում է՝ հեղ.):
- Ձեր մարմնավորած հերոսին հասուն տարիքում կերպարանավորելու է դերասան Սամվել Սարգսյանը: Ավագ գործընկերոջ հետ խորհրդակցե՞լ եք, քննարկե՞լ եք Ձեր ընդհանուր խաղը:
- Այո՛, իմ կերպարը երիտասարդությունն է Սամվել Սարգսյանի մարմնավորած կերպարի: Նույն սերիալում նման արտիստի հետ հանդես գալը և՛ շատ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Ինչ վերաբերում է խորհրդակցելուն՝ կերպարի վերաբերյալ նման քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ՝ նա հետևել է իմ խաղին ու իր կարծիքն ու եզրակացությունն ունի: Վստահ եմ՝ կերպարային գիծը կշարունակի պրոֆեսիոնալ կերպով:
- «Կարմիր բլուրում» Ձեր ներգրավվածությունը կարճատև է: Արդյոք արդեն իսկ նոր առաջարկներ չունեք: Ի՞նչ նոր կերպար կցանկանայիք մարմնավորել:
- Նոր առաջարկներ կան, բայց, ցավոք, չեմ կարող ընդունել, քանի որ ինքս նպատակ ունեմ նկարահանելու ֆիլմ, որը լինելու է իմ իսկ հեղինակային գրքի հիման վրա: Հետագա նպատակներիս, անելիքներիս մասին միայն մեկ բան կարող եմ ասել՝ դրանց իրագործման միակ ճանապարհը կլինի իմ ֆիլմը, որից հետո բոլորի համար պարզ կլինի՝ ինչի մասին էր խոսքը: Վստահեցնում եմ, որ շատերի կյանքում դրանից հետո մեծ, միայն լավ ու բարի փոփոխություններ կլինեն:
- Շատերը Ձեզ սիրեցին ու ճանաչեցին «Քաղաքում» սերիալից Կարբիտի կերպարով: Շատերն էլ սկսեցին նմանություններ գտնել Մովսեսի ու Կարբիտի միջև…
- Իսկապես, շատերն ինձ ճանաչեցին հենց «Քաղաքում»-ից: Եկել եմ այն համոզման, որ այժմ մենք ապրում ենք այնպիսի մի Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր տեսածի նկատմամբ պատկերացման պակասություն կա: Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ֆիլմն ու իրականությունը խառնում են իրար, չեն ըմբռնում, որ դա կինո է, որտեղ յուրաքանչյուր դերասան կատարում է իրեն բաժին հասած հսկա աշխատանքը: Չէ՞ որ արվեստը մի մեծ աշխարհ է, որտեղ ստեղծվում ու ուսումնասիրվում են տարբեր գաղափարներ, որոնք սցենարի են վերածվում՝ իրենց մեջ ընդգրկելով բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ: Հենց այդ կերպարներին էլ ներկայացնում, մատուցում է այն դերակատարը, ում վստահվել է տվյալ դերը:
- Սիթքոմներում, կատակերգություններում էլ ներկայացվում են հերոսներ, որոնք որքան էլ զարմանալի է, մեր իրականության մեջ կան: Գուցե հենց այդ պատճառո՞վ հեռուստադիտողը չի կողմնորոշվում ու նմանություններ է փնտրում:
- Օրինակ՝ Կարբիտն իր ընկերուհուն ստիպում էր ամեն առավոտ խաշի ջուր խմել: Չէ՛, դա նորմալ չի, բայց ցավոք, այսօր մեր իրականության մեջ նման աննորմալ պրինցիպներով տառապող մարդիկ կան: Իմ խաղով փորձել եմ հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնել՝ որոշ չափազանցություններով մեկտեղ՝ ցուցադրելով իրականությունը: Այն, ինչ իմ հերոսն էր անում, զավեշտալի էր, ու ովքեր բնավորության նման գծեր ունեն, ցանկալի է՝ փոխեն: Հավատացեք, եթե դա էկրանից ծիծաղելի է, ուրեմն կյանքում էլ այդպես է:
- Ծանոթացնե՞նք ընթերցողին Մովսես Նիկողոսյանի իրական տեսակին:
- (Ժպտում է՝ հեղ.) Գիտեք, այդ հարցին լիարժեք պատասխան տալ չեմ կարող. ցավոք, մարդն այնպիսի էակ է, որ պահի ազդեցության տակ կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել: Ժամանակներն են այդպիսին… Միայն մեկ բան կարող եմ վստահ ասել՝ լիարժեք կյանքի, լիարժեք մարդ կոչվելու ճանապարհը մեկն է. միշտ երեխա մնա՝ մաքուր պահելով այն ներքին հարստությունը, որն Աստծունն է: Պետք չէ կյանքում վարակվել փուչ, դատարկ ու անօգտակար մտքերով: Դա հանգեցնում է տգիտության ու մարդուն դարձնում տգեղ:
- Ավարտել եք Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, չկա՞ մտադրություն հաստատվել որևէ թատրոնում, կամ՝ զբաղվել ռեժիսորական աշխատանքով:
- Այո՛, ավարտել եմ Երվանդ Ղազանչյանի կուրսը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եմ աշխատել: Որպես ռեժիսոր բեմադրել եմ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որտեղ նաև խաղում էի Սողոմոն Թեհլերյան: Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ»-ն եմ բեմադրել, Վրեժ Իսրայելյանի «Այրին» և այլն: Այնուհետև սերիալում մեծ զբաղվածություն ունենալու պատճառով ռեժիսուրայով այլևս չզբաղվեցի: Այժմ ավելի շատ էկրանային գործունեությամբ եմ հետաքրքրված, բայց չի բացառվում, որ հետագայում ինչ-որ անհանգստություն ունենամ ու բեմադրություն անեմ: Ո՞վ գիտի, գուցե նաև խաղամ որևէ ներկայացումում:
- Նաև ձայնային լավ տվյալներ ունեք, ժամանակին «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից մեկում հաղթող եք ճանաչվել: Երբեք ցանկություն չե՞ք ունեցել երաժշտական ուղին շարունակելու:
- Երաժշտության հետ դեռ մանկուց եմ շատ կապված եղել: Պատճառը հայրս է եղել, ով երաժիշտ է: Ինքս երաժշտական կրթություն չունեմ, բայց և՛ երգում եմ, և՛ նվագում: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց միակ հաջողությունը, որն ունեցել եմ երգի և երաժշտության ոլորտում, եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագիծը, որտեղ 17 զույգերի մեջ հաղթող ճանաչվեցինք ես և Նարե Գևորգյանը, ում ճանաչում ու իր արվեստը գնահատում են շատերը, այդ թվում՝ ես:
- Մովսես, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ եք եղել: Հետագայում դժվար չէ՞ր ինտեգրվել հասարակությանը: Մարդկանց՝ ընկերների, հարազատների վերաբերմունքի մեջ տարբերություն նկատո՞ւմ եք: Ի՞նչ փոխեցին այդ երեք տարիները Ձեր կյանքում:
- Այո՛, դատապարտված եմ եղել 3 տարի և 3 ամիս: Դուրս գալուց հետո հասարակության մեջ ինտեգրվելը բավականին հեշտ էր: Մարդիկ հասկանալու ու ընկալելու չափաբաժին ունեն, որն անսահմանափակ չէ: Ես պետք է տեսնեմ այդ վերջնակետը և ավելին չսպասեմ նրանցից, ընդունեմ այնպիսին, ինչպիսին կան: Այդ դեպքում արդեն վերաբերմունքի որևէ փոփոխություն չեմ նկատում: Չեմ էլ ուզում վատը տեսնեմ, նման ցանկություն չունեմ ու բացարձակ չեմ էլ կենտրոնանում դրա վրա: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ (ժպտում է՝ հեղ.):
- Ովքե՞ր են այսօր Ձեր ընկերները:
- Իմ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են ընկեր ասվածի իրական արժեքը: Դա ուղղակի բառ չի…
- Իսկ նախկին գործընկերների («Քաղաքում» սերիալից) հետ կապը պահպանո՞ւմ եք:
- Ոչ բոլորի:
- Կան մարդիկ, որոնց համար իրենց սկզբունքներն առաջին տեղում են: Նման սկզբունքներ ունե՞ք, հանուն ո՞ւմ կամ հանուն ինչի՞ եք պատրաստ հրաժարվել Ձեր սկզբունքներից:
- Սկզբունքներ, պրինցիպներ և այլն՝ նմանատիպ սովորույթները ես չեմ կարողանում հասկանալ: Դա կապանք է, որով առաջինը վնասում ես ինքդ քեզ, հետո նոր՝ մնացածին: Գիտեք, նման սովորություններն իրենց հետ բերում են խռովություններ, վեճեր, փոխադարձ անհարգալից վերաբերմունք և այլ վատ երևույթներ… Իմ սկզբունքը, եթե, իհարկե, դա կարելի է սկզբունք համարել, ապրելն է այն կյանքում, որն Աստված է շնորհել ինձ: Ապրել՝ տեսնելով լավն ու բարին: Մնացած ամեն բան խավարումներ և շփոթմունքներ են…