16/01/2018 12:50
Բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու
Թանկացումների դեմ պետք էր պայքարել դեռևս բյուջեի քննարկման ժամանակ, այս ամեն ինչն ուշացած է. «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Դեռ դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է քննարկումներ լինեին թանկացումների վերաբերյալ։ Թանկացումների ու հարկերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերն ավելի շուտ են եղել և դրա մասին պատգամավորները տեղյակ էին, հետևաբար, պետք է ասել, որ ներկայացվող բյուջեն եղել է թանկացումների բյուջե։ Իրական պատկերը հայտնի էր դեռևս այն ժամանակ և ես որևէ լուրջ քննադատություն չտեսա», - ասաց Վահագն Խաչատրյանը։
Նա նշեց, որ եթե այս տեմպերով շարունակվի և հետևենք միջազգային շուկային, ապա կտեսնենք, որ բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ թանկացումների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները ինքնախոստովանական ցուցմունք են։
«Եթե ընդունում ու ներկայացնում են, որ մի շարք ապրանքախմբերում գնի երկնիշ աճ է եղել, ուրեմն սա ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանական ցուցմունք»։