16/01/2018 10:52
Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է, թե ինչու «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի նախաձեռնած երթին (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքը չի աջակցի «Ելք»-ի կազմակերպած երթին, այլ կնախընտրի մասնակցել ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք քննարկումներին։
«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Վերջինս ընդգծեց, որ դեռևս սեպտեմբերին «Ծառուկյան» դաշինքը նիստ էր հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և գնաճը մեղմելու համար, մինչդեռ նրանց ներկայացված առաջարկները ոչ մի քաղաքական ուժի կողմից հավանության չարժանացան։
«Մենք հայտարարեցինք, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրեցինք փոփոխությունները և որևիցե խմբակցություն ո՛չ աջակցեց, ո՛չ մեր կողքը եղավ», - նշեց նա։
Ծառուկյանը նաև նկատեց, որ ստեղծված իրավիճակը հասարակության համար կարող է մեղմվել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումով, մինչդեռ մոտակա տարիներին նման բարձրացումներ չեն սպասվում։
«Կա համապատասխան որոշում, որ 2015-ից մինչև այսօր ո՛չ աշխատավարձը, ո՛չ թոշակները չեն բարձրացել ու մինչև 2020 թվական չեն բարձրանալու», - հավելեց նա։