16/01/2018 15:57
Հրապարակվել են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 10 մասնակիցների երգերը
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում երեկվանից ներկայացվում են մրցույթի մասնակիցների կատարումները: Երեկվա հնգյակում տեղ էին գտել Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, «Նեմրա»-ն, Թամար Կապրելիանն ու Սուրեն Պողոսյանը: Այսօր հրապարակված ցանկում էլ ընդգրկված են Սևակ Խանաղյանը, Կամիլը (Արսեն Գրիգորյան), Անգելը, «Ալտերնատիվ»-ն ու Տյոմը:
Մրցակից-մասնակիցների ընդհանուր թիվը 20-ն է: Բացի վերոնշյալ 10 մասնակիցներից Եվրատեսիլ 2018-ի ուղեգրի համար կպայքարեն նաև Ռոբերտ Քոլոյանը, Մհեր Արմենիան, Ժաննա Դավթյանը, Գևորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Հասմիկ Շիրոյանը, Լուսինե Մարդանյանը, Արման Մեսրոպյանը, Մարիամն ու «Գաթա բենդ»-ը։
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 3-ին: Նախագծի հաղթողին, ինչպես նախորդ տարի, կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ:
Հաղթող մասնակիցը կմասնակցի Եվրատեսիլ-2018 միջազգային մրցույթին, որը տեղի է ունենալու Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին, 2-րդը՝ մայիսի 10-ին: Մրցույթի եզրափակիչ մասը նշանակված է մայիսի 12-ին: