16/01/2018 10:24
Հպարտ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ Օլիմպիական խաղերում. Միքայել Միքայելյան
Դահուկավազքի Հայաստանի բաց առաջնության բոլոր մրցաձևերում չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը: 18-ամյա մարզիկը ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ վաստակել է իր վերջին վարկանիշային միավորները:
Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածքի պատճառով:
«Հիանալի տրամադրություն ունեմ և բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ Օլիմպիական խաղերում:
Մինչև «Փհենչհան-2018»-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նախ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է», - ՀԱՕԿ-ի հետ զրուցյում ասել է Միքայել Միքայելյանը։