17/01/2018 17:50
Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում. Արայիկ Հարությունյան
Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով առաջիկա ծրագրերի մասին։
«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյս մեթալս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ», - ներկայացրել է Արայիկ Հարությունյանը։
Վերջինս ընդգծել է, որ Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։
Ըստ Ա. Հարությունյանի՝ կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով։
Նա նշել է, որ գյուղատնտեսության բնագավառում ևս կարևոր ծրագրեր են նախատեսվում, որոնք ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։ Ըստ այդ ծրագրերի՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում պետք է իրացվեն նաև բոլոր չմշակվող հողատարածքները։