17/01/2018 16:02
Միգուցե և ափսոսել եմ, որ այդ սխալը գործել եմ, բայց ճակատագրական վրիպում չեմ արել ու չեմ զղջացել. Արտյոմ Հակոբյան
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն այսօր նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց՝ երբեք չի պլանավորում, թե ինչպես է անցկացնելու ծննդյան օրը, սիրում է, երբ ամեն ինչ ինքնաբուխ է ստացվում:
«Կարծում եմ՝ այսօր էլ այդ օրերից կլինի, ու անկախ ամեն ինչից՝ օրս բարձր տրամադրությամբ կանցնի: Իհարկե, ուղիղ կեսգիշերին ընտանիքիս անդամներն անակնկալ մատուցեցին՝ շնորհավորելով ու գեղեցիկ դարձնելով օրս: Սովորաբար, ես իմ ծննդյան օրերը բուռն չեմ նշում, մեծ խնջույքներ, ռեստորանային միջոցառումներ չեմ կազմակերպում, միակ բացառությունը 30-ամյակիս է եղել: Հիմնականում, այդ օրը նախընտրում եմ անցկացնել ընտանիքս հետ», - ընդգծեց նա:
Ռեժիսորը երբեք անակնկալների պակաս չի ունեցել, ամեն տարիք իր գեղեցիկ անակնկալն է մատուցել.
«Այս պահին որևէ մեկն առանձնացնել չեմ կարող, միայն կասեմ, որ մի քանիսն են եղել, որոնք շատ կարևոր էին իմ կյանքում, տպավորիչ ու հիշվող: Դրանցից մեկը ընկերներիս կողմից կազմակերպված ծննդյանս միջոցառումն էր, որի մասին տեղյակ չէի, ինձ հրավիրեցին իմ իսկ ծննդյանը: Ընդհանրապես, ծննդյան ցանկացած անակնկալ կարևոր ու հաճելի է»:
Յուրաքանչյուր երկրորդը մեծ ուշադրություն է դարձնում իր կյանքում ավելացող թվերին. մեկի համար դրանք երիտասարդությունը մոտեցնում, մյուսի համար՝ կյանքի այդ կարևոր էտապից հեռանալն են խորհրդանշում: Մեծամասամբ, տղամարդիկ այդ թվերին ուշադրություն չեն դարձնում, ինչպես ասում են՝ տղամարդու համար 4-րդ տասնամյակը բոլորովին էլ տարիք չէ:
«Անկեղծ ասած՝ տարիքս դեռ չի անհանգստացնում, որովհետև, Փառք Աստծո, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր առումով բավական առույգ եմ: Միայն երբեմն անհանգստացնում է այն փաստը, որ շրջապատումդ քո տարիքակիցների մեջ այդ թվերին այլ կերպ վերաբերող մարդկանց ես հանդիպում ու մտածում՝ գուցե իսկապե՞ս շատ եմ մեծացել: Իհարկե, երբ նայում եմ իմ կենսակերպին ու ակտիվությանը, մտավախությունս նահանջում է… Բայց դե, 41-ն արդեն փոքր տարիք չէ, 20 տարեկան չես», - ժպիտով խոստովանեց Արտյոմ Հակոբյանը:
Անդրադառնալով իր կյանքի գլխավոր ձեռքբերումներին, կորուստներին ու բացթողումներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ գլխավոր ձեռքբերումները երեխաներն են, որոնց կարողացել ու կարողանում է օգտակար լինել ու արժանավոր մարդ դաստիարակել.
«Ձեռքբերումներ շատ ունեմ՝ լինի ընտանեկան, թե՛ գործնական առումով: Իմ երկու որդիները 16 և 15 տարեկան են, դուստրս՝ 6: Տղաներս այն տարիքում են, որ շուտով արդեն ինքնուրույն կյանք են ոտք դնելու: Կարծում եմ՝ իմ տված դաստիարակությունը նրանց կօգնի այդ հարցում… Կորուստներ էլ ունեցել եմ, բայց դրանց երբեք չեմ անդրադարձել ու չեմ էլ ցանկանում անդրադառնալ: Կարծում եմ՝ հետ նայելիս անցած կյանքից պետք է վերցնել միայն լավն ու գնալ առաջ»:
Հոբելյարը նկատեց՝ ուզում է երբեք կանգ չառնել ու չբավարարվել այն ամենով, ինչ այսօր ունի, ընտանեկան ու գործնական ձեռքբերումները թող ավելանան ոչ միայն այս տարի, այլ՝ տարեցտարի.
«Ուզում եմ՝ որքան էլ տարիքս մեծանա, չհամարեմ, թե կյանքս արդեն ապրել եմ: Կյանքը պետք է ապրած համարել այն ժամանակ, երբ ֆիզիկապես շարժվել այլևս չենք կարողանա: Մինչ այդ պահը յուրաքանչյուրս պետք է ձգտենք նոր բարձունքների՝ ձեռքը պահելով ժամանակի զարկերակին: Ուզում եմ՝ և՛ ընտանիքիս, և՛ հանրության համար ակտուալ մնալ մշտապես, ու, հնարավորության դեպքում, երբևէ չսխալվել»:
Հարցին՝ արդյոք մինչ այս կարողացել է խուսափել սխալներից, թե՞ կա այնպիսին, որի համար զղջում ու ցավ է ապրում, պատասխանեց.
«Իհարկե, անսխալ մարդիկ չկան, բայց ցանկանում եմ առավելագույնը քիչ սխալներ գործել իմ կյանքում… Այո՛, սխալներ շատ եմ կատարել, բայց կարծում եմ՝ ոչ-ոք չի լսել ինձանից «զղջում եմ» արտահայտությունը: Միգուցե և ափսոսել եմ, որ այդ սխալը գործել եմ, բայց, ամեն դեպքում, ճակատագրական վրիպումներ չեմ արել ու չեմ զղջում ոչ մի բանի համար: Ես իմ յուրաքանչյուր սխալից փորձել եմ դաս քաղել, սովորել ու չկրկնել նույնը»: