19/01/2018 17:15
Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա. «Կյանք ու կռիվ»-ն ու Սամվել Թադևոսյանն արժանացան պետական մրցանակի
Այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկու մասից բաղկացած «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի համար պետական մրցանակի արժանացան ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը, բեմադրող օպերատոր Վահագն Հակոբյանն ու դերասան Սամվել Թադևոսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սամվել Թադևոսյանը նկատեց՝ կինոոլորտում խնդիրների ու բացթողումների են հանգեցնում դիլետանտությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, անլուրջ մոտեցումն ու թերի ֆինանսավորումը: Իսկ իրենց ֆիլմի հաջողության գաղտնիքն առաջին հերթին անկեղծ արված աշխատանքն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է:
«Ստացվել է այն, ինչ ստացվել է: Ամեն դեպքում, բոլորս շատ պարզ գիտակցում ենք, որ սա շեդեվր չէ: Դա իմ կարծիքն է», - նշեց Տիգրանին երիտասարդ տարիներին մարմնավորող դերակատարը:
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, անկեղծորեն և առանց սեթևեթելու պատասխանեց.
«Երևի գեղեցիկ եմ, հետաքարքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա… Չգիտեմ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ անկեղծ եմ եղել»:
Դիտարկմանը, թե գուցե Սամվել Թադևոսյանն ու իր կերտած Տիգրանը նման են միմյանց, այդ պատճառով էլ հանդիսատեսը սիրահարվեց ոչ միայն Տիգրանին, այլև՝ Սամվելին, նկատեց.
«Չէ, այդպիսին չեմ ես, նույնիսկ հիմա առհասարակ մոռացել եմ թե՛ կերպարը, թե՛ ֆիլմը: Դրանք իմ հիշողությունից դեպի ենթագիտակցություն են գնացել: Առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներ կան թե՛ թատրոնում, և թե՛ կինոյում»: