20/01/2018 10:35
Բակո Սահակյանը շնորհավորել է դատական համակարգի աշխատողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Մեր պետականաշինության գործընթացում կարևոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը և դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության և մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:
Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության և ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետևելով օրենքի տառին ու ոգուն:
Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը»։