22/01/2018 12:47
ՀՀԿ-ն չի անտեսում թանկացումները. Վահրամ Բաղդասարյան
Գնաճը վերահսկելի է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում նկատվող թանկացումներին։
«Նախընտրական շրջանում մենք հայտարարել ենք, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Նախընտրական շրջանում դուրեկան բյուջե չենք ներկայացնելու հանրության ձայնելը շահելու համար։ Հետընտրական խոստումների հետ կապված նույնպես պետք է այդպես լինի։ Մենք ռեսուրները գնահատում ենք, անընդհատ խոսում ենք՝ ինչպես անել, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանենք», - նշեց Բաղդասարյանը։
Նա նաև նկատեց, որ «Ելք»-ի առաջարկած տարբերակով՝ հարկերի իջեցումով, հարցը չի լուծվի։
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն չի անտեսում թանկացումները ու դրանց հետևանքները մարդկանց բացատրելու համար նախատեսել է խորհրդարանական լսումներ, որոնք տեղի կունենա վաղը ու դրանց արդյունքում կփորձեն բացատրել, թե որն է պատճառը։
«Մեր գնաճը 2.6 տոկոս է։ Ամեն ինչ համեմատության դաշտում պետք է նայել։ Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը 6,8-7,6 տոկոսի շրջանակում է։ Դա սփոփանք չէ, բայց մենք իրավիճակին ենք նայում։ Մենք ապագայի ծրագրեր ենք ներկայացրել ու այնպիսի քաղաքականություն պիտի կարողանանք վարել, որպեսզի հաջորդ տարի կենսաթոշակների ու աշխատավարձերի աճ ունենանք», - նշեց նա։